ՊԱՐԶՈՒԵԼ ԵՆ «ՌԵԼԱՔՍ» ԴԻՍԿՈ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԿԱՏԱՐՈՒՎԱԾ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ<br /> ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ<br />


ՊԱՐԶՈՒԵԼ ԵՆ «ՌԵԼԱՔՍ» ԴԻՍԿՈ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԿԱՏԱՐՈՒՎԱԾ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

  • 20-02-2007 14:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պարզուել են փետրուարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած Արտաշ Օթարի Համբարձումեանի եւ Մհեր Սերյոժայի Պողոսեանի սպանութեան մանրամասները: Այս մասին յայտնում է ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամլոյ ծառայութիւնը: Նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների համաձայն, ՀՀ քաղաքացի Վ.Գեւորգեանը փետրուարի 15-ին` ժամը 03:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գտնուող «Ցիտադել բիզնես կենտրոն» համալիրի առաջին հարկում տեղակայուած «Ռելաքս» դիսկո-ակումբի սրահում վիճաբանել է Մ.Պողոսեանի եւ Ա.Համբարձումեանի հետ, ինչի հետեւանքով առաջացած քաշքշոցը տեղափոխուել է ակումբի տնօրէնի աշխատասենեակի հարեւանութեամբ գտնուող ծառայողական մուտքի դիմացի հատուածը: Վեճի ընթացքում Վ.Գեւորգեանն իր մօտ օրինական հիմքերով գտնուող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից, սպանելու դիտաւորութեամբ, շատերի կեանքի համար վտանգաւոր եղանակով կրակոցներ է արձակել Մ.Պողոսեանի եւ Ա.Համբարձումեանի կեանքի համար կենսական նշանակութիւն ունեցող օրգանների` գլխի եւ կրծքավանդակի շրջանի, ուղղութեամբ եւ ապօրինաբար զրկել նրանց կեանքից: Դէպքից յետոյ Վ.Գեւորգեանը դիմել է փախուստի: Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ փետրուարի 17-ին որոշում է կայացուել Վ.Գեւորգեանին որպէս մեղադրեալ ներգրաւելու եւ նրան ՀՀ քրէական օրէնսգրքի 104-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով մեղադրանք առաջադրելու մասին: Նոյն օրը նրա նկատմամբ յայտարարուել է հետախուզում: Նախաքննութիւնը շարունակւում է: Յիշեցնենք, որ սպանութեան կապակցութեամբ տարածուած առաջին պաշտօնական հաղորդագրութիւնում նշուած էր, որ «օպերատիւ ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում յաջողուել է պարզել հրաձգութեանը մասնակցած երկու անձանց ինքնութիւնը»: Ըստ «Առաւօտ» օրաթերթի, որը յղում է կատարել ոստիկանութեան իր աղբիւրներին, «սպանութեանը մասնակից երկու անձանց ինքնութիւնն արագօրէն պարզուել է դիսկո-ակումբում տեղադրուած տեսախցիկների շնորհիւ, որոնք արձանագրել էին սպանութիւնն առաջին իսկ վայրկյաններից մինչեւ վերջին պահը»:
  -   Հասարակութիւն