Լոռու մարզում իրականացնում է 3 հիմնական բաղադրիչ ունեցող զարգացման նոր ծրագիր


Լոռու մարզում իրականացնում է 3 հիմնական բաղադրիչ ունեցող զարգացման նոր ծրագիր

  • 12-07-2011 13:22:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Գիւղատնտեսական բարեփոխումների աջակցութեան ծրագրի իրականացման գրասենեակ» պետական հիմնարկը Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսաւորուող «Համայնքների գիւղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակութեան» վարկային ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում Լոռու մարզում իրականացնում է 3 հիմնական բաղադրիչ ունեցող զարգացման նոր ծրագիր: Առաջին բաղադրիչով նախատեսւում է մարզի մի շարք համայնքներում իրականացնել արօտավայրերի կառավարմանն ու անասնապահութեան զարգացմանն ուղղուած աշխատանքներ: Երկրորդով` հզօրացնել գիւղատնտեսութեանն աջակցող ծառայութիւնները, երրորդով` իրականացնել մրցակցային դրամաշնորհային ծրագրեր: Ըստ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան լրատուութեան բաժնի հաղորդագրութեան, յուլիսի 12-ին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը, վարկային նոր ծրագրի իրականացմանը մասնակից կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների ուղեկցութեամբ, այցելեց Լոռու մարզի Ահնիձոր համայնք, որը մարզի 9 այլ համայնքների թւում ընդգրկուած է արօտավայրերի կառավարման ու անասնապահութեան զարգացման բաղադրիչում: 2011թուականին վերը նշուած գիւղերից 5-ի` Լորուտի, Աթանի, Շամուտի, Դսեղի եւ Ահնիձորի, համար կը մշակուեն կառավարման պլաններ, կը բարելաւուեն նրանց վարչական սահմաններում գտնուող շուրջ 11500 հա արօտավայրեր, 7000 հա հեռագնայ արօտներում կը տեղադրուեն խմոցնէր, կը բարելաւուեն ճանապարհները: Շուրջ 340 հա չմշակուող վարելահողերի վրայ կը կազմակերպուի մշակովի անասնակերի արտադրութիւն, համայնքների կողմից տնտեսապէս հիմնաւորուած առաջարկների դէպքում կստեղծուէն կաթի ընդունման եւ վերամշակման հնարաւորութիւններ: Ծրագրի իրականացման արդիւնքում կ'աւելանան անասնապահութիւնից ստացուող մթերքների ծաւալները, բնակչութեան եկամուտները, ինչպէս նաեւ համայնքի բիւջէ մուտքագրուող գումարները: Այսօրուայ դրութեամբ, նշուած համայնքներից 4-ում արդէն ձեւաւորուել են <<Արօտօգտագործողների միաւորում>> սպառողական կօօպերատիւներ եւ համայնքների արօտավայրերի կառավարման ու անասնապահութեան զարգացման 4 յանձնաժողովներ, որոնք ձեռնամուխ են եղել <<Համայնքների արօտավայրերի կառավարման եւ անասնապահութեան զարգացման>> պլանների մշակմանը: Ահնիձոր համայնքում «Արօտօգտագործողների միաւորում» սպառողական կօօպերատիւի ընդհանուր ժողովն այսօր ձեւաւորեց «Համայնքի արօտավայրերի կառավարման եւ անասնապահութեան զարգացման» 5-րդ յանձնաժողովը մարզում: Իր ելոյթում ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը անդրադարձաւ մարզի գիւղատնտեսութեան զարգացման նոր ծրագրերին ու հեռանկարներին, վստահեցնելով, որ ոլորտի խնդիրներին պետական աջակցութիւն ցուցաբերելու ծաւալները գնալով աւելի ընդգրկուն ու տեսանելի են դառնալու:
  -   Տնտեսութիւն