Բաքուն զսպող միակ ուժը Ղարաբաղի բանակի զգօնութիւնն է. ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեան


Բաքուն զսպող միակ ուժը Ղարաբաղի բանակի զգօնութիւնն է. ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեան

  • 13-07-2011 00:45:51   | Հայաստան  |  Քաղաքական
Հակամարտութեան գօտում խաղաղութիւնն ամբողջովին ապահովուում է ԼՂՀ պաշտպանութեան բանակի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ հաւասարակշռութեան հաշուին: Այս մասին Voskanapat.info տեղեկատուական պորտալի հետ հարցազրոյցում յայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը: Նա յաւելել է, որ Բաքուն զսպող միակ ուժը Ղարաբաղի բանակի զգօնութիւնն է: Ըստ նրա, այդ որոշիչ գործօնը թոյլ չի տալիս Ադրբեջանին իրականացնել իր «սնապարծ յայտարարութիւնները»: «Ինչ վերաբերում է այդ յայտարարութիւններին, ապա պարզ է, որ դրանք ուղղուած են տարբեր լսարանների: Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ իրենց ռազմատենչ յայտարարութիւնները յաջորդում են բանակցութիւններում իրենց իսկ անյաջողութիւններին: Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Արցախի Հանրապետութիւնը որպէս բանակցային կողմ, եւ այստեղից սկսում են իրենց բոլոր ձախողումները»,- ասել է Մ.Յակոբեանը: Ռազմատենչ յայտարարութիւնների յաջորդ հասցէատէրն, ըստ նախարարի, ինքնին ադրբեջանական հասարակութիւնն է: Նա բացատրեց, որ Բաքուն մարդկանց զայրոյթը կանխելու նպատակով տարբեր պատրուակներ է փնտրում, ցոյց տալու համար, իբր պատրաստւում է ղարաբաղեան հարցի լուծմանը ռազմական ճանապարհով: «Ի հարկէ, պաշտպանութեան բանակը համապատասխան եզրահանգումներ անում է: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկւում Ադրբեջանի կողմից վտանգը կանխելու համար: Սահմանում ծառայող հայ բանակի զինուորները վստահ կատարում են իրենց ռազմական խնդիրը, հակառակորդի բոլոր յարձակումները ստանում են համարժէք պատասխան»,- եզրափակեց Մ.Յակոբեանը:
  -   Քաղաքական