Սուրբ Ծնունդը չպէտք է մնայ Ամանորի տոնակատարության ստուերում,-<br /> պնդում է Տեր Շմավոն քահանա Ղեւոնդեանը <br />


Սուրբ Ծնունդը չպէտք է մնայ Ամանորի տոնակատարության ստուերում,-
պնդում է Տեր Շմավոն քահանա Ղեւոնդեանը

  • 30-12-2009 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵԱՆ ԱՏԱՊԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: Հայ ժողովուրդը նախկինում Նոր տարին աւելի պարզ է տոնել` մէկ օր ուրախանալով բակերում կամ տներ այցելելով ու նուէրներ տալով: Ինչպէս լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց Սբ. Յովհաննէս եկեղեցու սպասաւոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդեանը, Ամանորի սեղանին դրւում էին միայն պահքի կերակուրներ, օրինակ` պասուց դոլմա, աղանձ, չիր, չարազ, որոնք բուսական ծագում ունեն: Նա տեղեկացրեց նաեւ, որ հայերը նախկինում շատ աւելի մեծ ուրախութեամբ նշել են Սուրբ Ծնունդը, իսկ Ամանորին սկսեցին աւելի մեծ նշանակութիւն տալ, երբ Հայաստանը մտաւ Ցարական Ռուսաստանի կազմի մէջ, որտեղ դա շատ կարեւոր տոն էր համարւում: «Յետագայում` խորհրդային տարիներին, որոշուեց Սուրբ Ծննդի հետ կապուած ամէն ինչ տեղափոխել Նոր տարի, որովհետեւ պէտք էր մի տոն, որը հակակշիռ կդառնար Սուրբ Ծննդին եւ մոռացնել կտար քրիստոնեության հետ կապուած ամէն ինչ»,- յայտնեց Տեր Շմավոնը` յաւելելով, որ Ամանորին վերագրվեցին եղեւնի զարդարելու, նուէր տալու աւանդոյթները, անգամ Ձմեռ պապը: Քահանան յիշեցրեց, որ Ձմեռ պապի, Սանտա Կլաուսի կամ Կաղանդ պապի նախատիպը Սբ.Նիկողոս Սքանչելագործն է, որը, որոշակի կարողութիւն ունենալով, մարդկանց` յատկապէս աղքատներին, միշտ նուէրներ էր տալիս: Մշտադալար եղեւնին` հավետ ապրող մարդկութեան խորհրդանիշը, Լենինի հրամանով սկսեցին զարդարել հնգաթեւ աստղով` Բեթլեհեմյան ուղենիշ աստղի փոխարէն: Ըստ քահանայի, այս ամէնը տեղափոխվեց Ամանոր, եւ այն դարձաւ ամենասպասելի տոնը: Մինչդեռ, ըստ Տեր Շմավոնի, աւելի խոր իմաստ ունի Սուրբ Ծնունդը: Ըստ եկեղեցական օրացույցի` այն սկսւում էր յունվարի 6-ին նախորդող օրուայ երեկոյեան ժամը հինգից: Մարդիկ գնում էին եկեղեցի, մասնակցում ժամերգության, ստանում Քրիստոսի ծննդեան աւետիսը եւ եկեղեցուց տարած ճրագով լուսաւորում իրենց բնակարանները: Այնուհետեւ նստում էին ընթրիքի սեղանին: Ճաշատեսակները թեթեւ էին, որպէսզի պահքից յետոյ օրգանիզմը չծանրաբեռնվեր: «Սուրբ Ծննդեան ուտեստները ունեն իրենց նշանակութիւնը. չամիչով փլավը խորհրդանշում է մարդկութիւնը եւ նրան համ տուող քրիստոնյաներին, իսկ «ձուկ» բառի յունարէն տարբերակի տառերը բացելիս ստացւում է` «Յիսուս Քրիստոս` Աստուած որդի փրկիչ»»,- բացատրեց Տեր Շմավոնը: Քահանա Ղեւանդյանի խօսքերով, եկեղեցին չի մերժում Ամանորը, սակայն կարծում է, որ Սուրբ Ծնունդը նրա ստուերում է մնում: «Ամանորը գերակայ է դարձել: Աղքատը պարտք է անում, որ ճոխ սեղան գցի, անպայման խոզի ազդր գնի: Եկեք ձերբազատուենք այդ ախտից, որը բացի վնասից, լաւ բան չի տալիս»,- ասաց քահանան` խորհուրդ տալով իմաստավորել այդ տօնական օրը հոգեւոր սնունդ ստանալով: Նա յայտնեց, որ ամէն տարուայ դեկտեմբերի 31-ին Հայ առաքելական եկեղեցիներում կատարւում է ժամերգութիւն, իսկ յունվարի 1-ի առաւօտեան նոր տարուայ առաջին պատարագն են մատուցվում` շնորհակալութիւն յայտնելով եւ փառաբանելով Աստծուն: Գայեանէ Աւագեան
  -   Հասարակութիւն