Հռոմի հայերը ուխտագնացութիւն են կազմակերպել Նէապոլի<br /> Ս.Գրիգոր եկեղեցի<br />


Հռոմի հայերը ուխտագնացութիւն են կազմակերպել Նէապոլի
Ս.Գրիգոր եկեղեցի

  • 18-12-2009 18:40:00   |   |  Հասարակութիւն
ՆԷԱՊՈԼ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 13-ին Հռոմի հայերը ուխտագնացութիւն են կազմակերպել դէպի Նէապոլի Ս. Գրիգոր եկեղեցի, ուր աւանդութեան համաձայն պահւում են Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքները, եւ այդ պատճառով եկեղեցին, նրան կից վանքն ու փողոցը կոչւում են Ս. Գրիգոր Հայը: Հայ ժողովրդի քրիստոնեության ընդունման 1700-ամեակի առիթով, երջանկահիշատակ Յովհաննէս Պողոս Բ հայասեր քահանայապետը, Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքից մի բաժին նուիրել Ամենայն հայոց կաթողիկոսութեանը, մի բաժին` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը եւ մի բաժին էլ` Տանն Կիլիկիոյ կաթոլիկ հայոց պատրիարքությանը: Յիշեալ ուխտագնացութիւնը կազմակերպել է Հռոմի Հայ համայնքի խորհրդի «Զարթոնք» յանձնախումբը եւ այդ առիթով պատկերազարդ թերթիկ է պատրաստել, որի վրայ տեղեկութիւններ են զետեղվել Ս. Գրիգոր եկեղեցու վերաբերեալ: Եկեղեցին հինգ մատուռ եւ գմբէթ ունի: Մեծ արուեստագէտ Լուկա Ջորդանոյի որմնանկարների վրայ պատկերուած են դրուագներ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքից: 700-ական թուականներին եկեղեցին հարստացել է եւ նեապոլիտանական ոճ ձեռք բերել` երգեհոն եւ երկու փորագրված փայտե վերնատներ: Վանքի տարբեր մասերում զետեղուած են իտալացի արուեստագէտների` հայ ժողովրդի քրիստոնեության ընդունումը եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքն ու չարչարանքները պատկերող ստեղծագորությունները: Մատուռում հայ ուխտաւորները միասնաբար աղօթել են, երգել են «Հայր մերը», ապա Հռոմի Լեւոնեան Հայ Դպրեվանքի փոխտեսուչ Թովմաս վարդապետ Կարապետեանը խորհրդածություն է կատարել, հայցելով Լուսաւորչի բարեխօսութիւնը Հայոց աշխարհի խաղաղութեան եւ հայ ազգի բարօրութեան համար:
  -   Հասարակութիւն