ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Բեյրութի «Յակոբ Տեր Մելքոնեան» թատերասրահում դեկտեմբերի 17-ին
տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի ծննդեան 140-ամեակին նուիրուած
հանդիսութիւն, որին մասնակցել են հայոց ազգային վարժարանների
սաները:
Միջոցառման նախաձեռնող Լիբանանի Ազգային իշանության
Ուսումնական խորհրդի անունից բացման խօսք է ասել Սոսե Ջինբաշեանը:
Նա անդրադարձել է Կոմիտասի կեանքին ու ստեղծագործութեանը, շեշտել,
որ Կոմիտասը մնում է ամենատաղանդավոր երաժշտագետը: «Անժխտելի է, որ
նա հայ երաժշտութեան պատմութեան գագաթն է»,- ասել է Ջինբաշեանը:
Ըստ «Ազդակ» օրաթերթի, ազգային վարժարանների աշակերտները
ներկայացրել են խմբային երգեր, պարեր, ասմունք եւ փոքրիկ
բեմադրութիւններ:
Օրուայ պատգամը փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան
միաբաններից եւ Քրիստոնեական դաստիարակութեան բաժանմունքի վարիչ
Թորգոմ աբեղայ Տոնոյանը: Նա ամփոփ կետերով անդրադարձել է Կոմիտասի
կեանքին, խօսել նրա անուրանալի շնորհի մասին: «Կոմիտասը երգեց ու
ստեղծեց, դաշնավորեց ու մշակեց, գրեց ու արտագրեց: Նա մեզ
սովորեցրեց, թէ ինչ է հայ երաժշտութիւնը: Կոմիտասը եղավ ազգային
երաժշտութեան մշակոյթի առաջնորդը, իր բազմակողմանի
գործունէութեամբ»,- ասել է Թորգոմ աբեղայ Տոնոյանը, աւելացնելով, որ
Կոմիտասը հայ երաժշտութեան մոգն էր, սակայն Մեծ եղեռնը չթողեց, որ
նա շարունակի իր բարձր ու սուրբ առաքելութիւնը: Այնուհետեւ Թորգոմ
աբեղան կատարել է դաշնամուրային մի հատուած Կոմիտասի մշակումներից:
Եզրափակիչ խօսքով հանդէս է եկել Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:
Իր խօսքն ուղղելով աշակերտներին` նա պատգամել է, որ ինչպէս հայոց
ֆիդայիններն են ապրում նրանց հոգիներում, այնպէս էլ Կոմիտասը ապրի
հաւերժ: Ու աւելացրել է, որ Կոմիտասի երգերը մաքուր ու զուտ
հայկական երգեր են:
Աւարտին սրբազանը յանձնել է «Մհեր Ջուլհաճյան»
շարադությունների մրցոյթի գնահատագիրներն ու մրցանակները: