Տիգրան Եկավյանը Բեյրութում խօսել է ֆրանսահայ մամուլի մասին <br />


Տիգրան Եկավյանը Բեյրութում խօսել է ֆրանսահայ մամուլի մասին

  • 18-12-2009 17:30:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ֆրանս Արմէնի» թերթի խմբագրակազմի անդամ եւ քաղաքագէտ Տիգրան Եկավյանը դեկտեմբերի 17-ին «Ազդակ» թերթի կազմակերպած հանդիպմանը հանդէս է եկել «Ֆրանսիական մամուլը» զեկուցումով: Տիգրան Եկավյանն անդրադարձել է Ֆրանսիայում լոյս տեսած եւ լոյս տեսնող թերթերին: Նա նշել է, որ Ֆրանսիայում գոյութիւն ունի երկու տեսակի մամուլ` հայասեր եւ հայկական: Հայասեր մամուլը, նրա խօսքերով, ֆրանսերենով լոյս տեսնող մամուլն է, որտեղ բացակայում է ազգային շունչն ու քաղաքական մտածողութիւնը: Յետոյ աւելացրել է, որ այլ տեսանկիւնից հայատառ մամուլը օրըստօրէ նահանջում է, ինչը շատ մտահոգիչ երեւոյթ է: Անդրադառնալով «Յառաջ» օրաթերթի փակման պատճառներին, Եկավյանը նշել է, որ թերթը փակուել է, քանի որ այն կղզիացել էր ու հրաժարուել արդիականացվելուց: Իսկ «Նոր Յառաջի» մասին նա նշել է, որ թերթը դեռեւս առաջին քայլերն է անում, դեռ չկան վերլուծական յօդուածներ, քանի որ թերթը չունի փորձառու հոդվածագիրներ: Նա հոյս է յայտնել, որ առաջիկայում այդ առումով նուաճումներ կարձանագրուեն: Անդրադառնալով «Ֆրանս Արմէնի» եւ «Նուվել դ'Արմէնի» թերթերին, Տիգրան Եկավյանը նշել է, որ «Ֆրանս Արմէնին» ծրագրում է համացանցի միջոցով առաջիկայում դառնալ սփիւռքահայ մի թերթ` բազմաբնոյթ նիւթերով ու տարբեր հարցերի քննարկումներով: Զեկուցողը նաեւ անդրադարձել է «Նուվել դ'Արմէնի» թերթի հայերէն բաժնում մտաւորականների բացակայութեանը, որը որակի հետ կապուած խնդիրներ է ստեղծում: Ելոյթի վերջում Տիգրան Եկավյանը պատասխանել է ներկաների հարցերին:
  -   Հասարակութիւն