Անատոլի Գրիցենկո. Մենք կաթողիկոսի հետ պայմանաւորուել ենք<br /> Սուրբ Խաչի հարցին վերադառնալ մէկ ամիս անց<br />


Անատոլի Գրիցենկո. Մենք կաթողիկոսի հետ պայմանաւորուել ենք
Սուրբ Խաչի հարցին վերադառնալ մէկ ամիս անց

  • 18-12-2009 17:15:00   |   |  Հասարակութիւն
ԿԻԵՎ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սուրբ Խաչ վանքը կլինի եւ այսուհետ կգործի որպէս հայկական եկեղեցի: Այս մասին, ինչպէս հաղորդում է analitika.at.ua-ն, լրագրողներին յայտարարել է Ղրիմի ԻՀ Գերագոյն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն: Ըստ ուկրաինական խորհրդարանի ղեկավարի, երբ նա ասել է, թէ վանքը դառնալու է Ղրիմի ազգագրական թանգարանի մասնաճիւղը, ապա չի ենթադրել, որ օբյեկտը կփակուի կամ նրա տարածքում թանգարան կստեղծուի: «Մենք նպատակ չենք դրել փակել Սուրբ Խաչ եկեղեցին, որպէսզի այն գործող չլինի, իսկ այն, ինչ յայտարարուել է մամուլին, վերաբերել է հենց ազգագրական թանգարանի բաժանմունքին»,- պարզաբանել է նա: Ինչպէս հաղորդում է Ղրիմի լրատուական գործակալութիւնը, Ղրիմի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մասնաճիւղի ստեղծման մասին որոշումը ընդունուել է Սուրբ Խաչում կարգուկանոն հաստատելու համար: «Այնտեղ պայմանագրեր են կնքուած ձեռներեցների հետ, որոնք վանքի տարածքում կազմակերպում էին առեւտուր, զանազան միջոցառումներ, ինչը միանգամայն անհամատեղելի է ազգային յուշարձանի կարգավիճակի հետ: Խնդիրը ազգային հուշարձան այցելութիւնը կարգաւորելն էր, որպէսզի վանքն ու եկեղեցին լինէին գործող»,- ճշտել է Անատոլի Գրիցենկոն: Միաժամանակ նա յայտնել է, որ ազգագրական թանգարանին կից բաժանմունքի ստեղծման մասին որոշումը կասեցուած է: «Երկու անգամ ես հեռախօսազրոյց եմ ունեցել այդ առիթով Կաթողիկոսի հետ: Մենք պայմանաւորուել ենք, որ կվերադառնանք այդ հարցի քննարկմանը մէկ ամիս անց, որպէսզի եւս մէկ անգամ գնահատենք իրավիճակը եւ վերջնական որոշում ընդունենք, թէ ինչպէս համատեղ ջանքերով կարգուկանոն հաստատենք»,- ասել է Գրիցենկոն եւ աւելացրել, որ անկախ բանակցութիւնների ելքից վանքը կպահպանի իր հոգեւոր տաճար լինելու կարգավիճակը: «Ամէն դէպքում այն կլինի գործող վանք, հայկական եկեղեցի»,- հաւաստիացրել է խորհրդարանի ղեկավարը: Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Կիրովի շրջան կատարած իր աշխատանքային այցի ընթացքում Անատոլի Գրիցենկոն յայտնել էր, որ հայկական Սուրբ Խաչ համալիրը դառնալու է Ղրիմի ազգագրական թանգարանի բաժանմունքը: Նման որոշման պատճառներից մէկն էլ եղել էր վանականների բացակայութիւնը վանքում: Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ, վանքի վանահայր, ինչպէս նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի Ղրիմի փոխերեց է նշանակուել քահանա Հայրիկ Յովհաննիսեանը: Հայկական Սուրբ Խաչ վանքը Ուկրաինայի ազգային նշանակութեան հուշարձան է, պետական հաշուառման է վերցուած 1963 թուականից: Գտնւում է անտառապատ հովտում, Ստարի Կրիմ քաղաքից 3 կմ հեռաւորութեան վրայ:
  -   Հասարակութիւն