Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքում հայկական եկեղեցի է<br /> յայտնաբերուել<br />


Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքում հայկական եկեղեցի է
յայտնաբերուել

  • 16-12-2009 18:25:00   |   |  Մշակոյթ
ՎԵԼԻԿՈ ՏՐՆՈՎՈ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բուլղարական պատմական աղբիւրների վկայութեամբ, Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի հիւսիսային մասում գտնուող «Նիկոլա Պիկոլո» փողոցում գործել է հայկական եկեղեցի: Այն հիմնադրուել է որպէս կաթոլիկ եկեղեցի` առեւտրական Պավլո Բոժիկովիչի հովանաւորութեամբ, ինչպէս յիշատակուած է 1588 թ. դեկտեմբերի 12-ի փաստաթղթերում: Աւելի ուշ տարածքը գնուել է հայերի կողմից, եւ այնտեղ հայկական եկեղեցի է կառուցուել: Այդ մասին են վկայում 1625 թ. եկեղեցու վերանորոգման եւ վերակառուցման փաստաթղթերը: Այդ շրջանում հայերին թույլատրվել է եկեղեցական արարողութիւններ կատարել, իսկ 17-րդ դարի վերջին այն հանդիսացել է հայ համայնքի սեփականութիւնը: Աւարտելով եկեղեցու վերանորոգումը` հայերն այն անուանել են «Սուրբ Աստուածածին»: Քանի որ եկեղեցին կառուցոուած է եղել հիմնականում փայտից, տարիների ընթացքում սկսել է փլուզվել, իսկ վերանորոգման համար համապատասխան միջոցներ չեն եղել: 1989 թ. աւերուած հուշարձան-եկեղեցու մնացորդները փրկելու նպատակով Վելիկո Տրնովո քաղաքի պատմութեան թանգարանին յանձնարարուել է հնագիտական պեղումներ կատարել: Պեղումների մասին Կյուստենդիլում 1990 թ. հրապարակուել է «Հնագիտական յայտնագործում 1989 թուականի պեղումներից» յօդուածը, որտեղ առաջին անգամ յիշատակուել է այդ բնակավայրում հայ առաքելական եկեղեցու գոյութեան փաստը: 2009 թուականի ապրիլի 1-3-ը սկսուել են յուշարձանի «Կաթոլիկությունը եւ հայկական եկեղեցին» խորագրով հնագիտական «փրկարարական» պեղումները` դոցենտ Խիտկո Ստեֆանով Բաչեւի եւ Իլիյան Պետրով Պետրակիեւի գլխաւորութեամբ: Պեղումների համար յատկացուել է 272 քմ տարածք: Կտարված հետազոտական աշխատանքների արդիւնքում պարզուել է, որ այդ վայրում տեղակայուած է եղել երկու հուշարձան` կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու մնացորդներով, ընդ որում երկրորդը կառուցոուած է եղել առաջինի բեկորների, գերեզմանների, պատմական արժէք ներկայացնող մասունքների վրայ: Երկշերտ յուշարձանի վերին շերտում յայտնաբերուել են նաեւ հայկական տառերով քարաբեկորներ եւ զարդաքանդակներ, որոնք եւս հաստատում են 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարը հայկական եկեղեցու գոյութեան փաստը: Այժմ Բուլղարական Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան եւ յուշարձանների պահպանությամբ զբաղուող համապատասխան մարմինների կողմից քայլեր են ձեռնարկւում եկեղեցին որպէս բուլղարական պատմամշակութային արժէք ճանաչելու եւ գրանցելու ուղղութեամբ:
  -   Մշակոյթ