Տեղի ունեցաւ «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»<br /> մրցոյթ-փառատոնի մրցանակաբաշխութեան արարողութիւնը<br />


Տեղի ունեցաւ «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»
մրցոյթ-փառատոնի մրցանակաբաշխութեան արարողութիւնը

  • 15-12-2009 20:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալութեան տասնամեայ յոբելեանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակութեան Կենտրոնը եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցոյթ-փառատոնը, որի մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը կայացաւ դեկտեմբերի 15-ին Էջմիածնի Հայորդաց տանը: Ըստ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, արարողութեանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Մրցոյթը նպատակ ուներ աշակերտներին հաղորդակից դարձնել Սուրբ պատարագի խորհրդին եւ երգեցողությանը: Մրցոյթ-փառատոնը կազմակերպուել է երեք փուլով` համայնքային, մարզային եւ հանրապետական: Դեկտեմբերի 1-3-ին Նորին Սրբութեան օրհնութեամբ Սուրբ Էջմիածնում կայացել է հանրապետական` եզրափակիչ փուլը, որին մասնակցել է հանրապետութեան մարզերի 10 դպրոց: «Աւանդական արժէքներից աւելի լաւը չենք կարող ունենալ. հայ եկեղեցին է, որ ազգային ինքնութեան պահպանման հարցերում բացառիկ դերակատարութիւն է ունեցել, հայ եկեղեցին է, որի բացառիկ առաքելութիւնը հոգեւոր կեանքում ճանաչուած է ՀՀ Սահմանադրութեամբ»,- նշել է Ա.Աշոտեանը: Նա ընդգծել է, որ եկեղեցին, բանակը եւ Արցախն են այն երեք հիմնական գործօնները, որոնց վրայ կարելի է կառուցել ուսումնադաստիարակչական եւ հայրենասիրական դաստիարակութեան գործընթացը: Անդրադառնալով մրցոյթին, նախարարը նշել է, որ այս մրցոյթի շնորհիւ իրականում հոգեւոր շարժում է եղել դպրոցներում եւ' քանակական, եւ' որակական առումով: «Ես խնդրել եմ Վեհափառին այս միջոցառումը դարձնել աւանդական: Մենք պէտք է փորձենք դպրոցներում այս հոգեւոր շարժումը պահել եւ յետագայում ընդգրկել նաեւ բուհերը»,- ասել է Ա.Աշոտեանը: Հանդիսութեան աւարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս մրցանակներ է յանձնել ըստ անուանակարգերի յաղթող ճանաչուած հետեւեալ դպրոցներին. «Լաւագոյն կերպավորում» - Երեւանի թիւ 154 դպրոց, «Լաւագոյն մենակատար» - Շիրակի մարզի Հառինջ գիւղի միջնակարգ դպրոց, «Լաւագոյն երաժշտական հագեցվածություն» - Եղեգնաձորի թիւ 2 միջնակարգ դպրոց, «Յանձնախմբի համակրանք» - Գորիսի թիւ 3 միջնակարգ դպրոց, «Ներդաշնակ ասմունք» - Գաւառի թիւ 7 միջնակարգ դպրոց, «Լաւագոյն բեմադրութիւն» - Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոց, «Լաւագոյն կատարում» - Էջմիածնի Ներսիսեան վարժարան, «Լաւագոյն սցենար» - Կոտայքի մարզի Ջրվէժի միջնակարգ դպրոց, «Հայրապետական մրցանակ» - Աշտարակի թիւ 1 միջնակարգ դպրոց եւ Ստեփանաւանի թիւ 3 միջնակարգ դպրոց:
  -   Հասարակութիւն