Երեւանի սրտում տեղադրուեց աշխարհահռչակ գիտնական Վիկտոր<br /> Համբարձումեանի արձանը<br />


Երեւանի սրտում տեղադրուեց աշխարհահռչակ գիտնական Վիկտոր
Համբարձումեանի արձանը

  • 15-12-2009 12:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 15-ին Երեւանում, Աստղադիտարանի հարեւանութեամբ հանդիսավորապես բացուեց մեծանուն հայ աստղագէտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի արձանը: Հանդիսութեանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Գիտնականի բրոնզաձոյլ արձանը կանգնած է պատուանդանին, ասես, գալակտիկայի կենտրոնում, խորհրդանշելով հավերժություն եւ անսահմանություն: Արձանի հեղինակները կոմպոզիցիայի հիմքում դրել են Գրիգոր Նարեկացու խօսքը` «անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր»: Գիտնականը պատկերուած է շարժման մէջ, ինչպիսին էր իր ապրած եւ կերտած ժամանակաշրջանը` զարգացում, շարժում եւ առաջընթաց: Արձանը քանդակագործ Տարիել Յակոբեանի հեղինակած թւով 4-րդ Վ.Համբարձումեանի արձանն է` առաջին երեքը տեղադրուել են Երեւանի պետհամալսարանում, Բիւրականի աստղադիտարանում եւ Թեհրանում Իրանի նախագահի` աշխարհահռչակ գիտնականների պարտեզում: Արձանի տեղադրմամբ, ինչպէս արարողութեանը նշեց Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսեանը, աւարտւում է գիտնականի ծննդեան 100-ամեայ յոբելեանին նուիրուած միջոցառումների շարքը` գիտաժողովներ Մոսկուայում, Պետերբուրգում, Մինսկում, Փարիզում, յոբելեանը նշել էր նաեւ ԵՈՒՆԵՍԿՕ-ն: Ռ.Մարտիրոսեանը պատահական չհամարեց արձանի տեղադրման վայրը` Վ.Համբարձումեանը 1943թ. վերադառնալով հայրենիք, իր աշխատանքը սկսեց Երեւանի փոքրիկ աստղադիտարանում, որը Երեւանի առաջին գլխաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջին գործերից էր: Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնեանն էլ իր հերթին նշեց. «Համաշխարհային աստղագիտութեան մէջ բազմաթիւ գիտաճյուղերի սկզբնավորողն է նա, այսօր աստղաֆիզիկայի եւ այլ բնագաւառներում կիրառուող գիտական շատ սկզբունքներ կոչւում են Վիկտոր Համբարձումեանի անունով»: Վ.Համբարձումեանը 1946թ. հիմնադրել է նաեւ ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի եւ աստղագիտութեան ամբիոնն ու Բիւրականի աստղադիտարանը, որոնք ներկայումս կոչւում են նրա անունով: Ա.Սիմոնեանը կարեւորեց նաեւ գիտնականի քաղաքացիական դիրքորոշումը արցախեան հարցում. արցախեան պայքարի դժուարագոյն օրերին. նա իր այդ տարիքում «գիտակցուած անձնազոհութեան դիմեց` մոսկովեան հիւրանոցում հացադուլ անելով` ընդդէմ խորհրդային հակահայ քաղաքականութեան եւ յանուն Արցախը Հայաստանին վերամիավորելու արդար պահանջի»: Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Հայկ Յարութիւնեանի դիտարկմամբ, Երեւանում կարելի է հանդիպել միայն մինչեւ 7-րդ դարի հայ գիտնականների արձանների, եւ Վ.Համբարձումեանի` 20-րդ դարի հայ գիտնականի արձանի տեղադրումը, նրա գնահատմամբ, արդի հայ գիտութեան արժեւորումն է:
  -   Հասարակութիւն