Հայաստանի 2010թ.-ի պետբիւջէի նախագծով քաղաքաշինութեան<br /> ոլորտին նախատեսւում է յատկացնել 25,7 մլրդ դրամ<br />


Հայաստանի 2010թ.-ի պետբիւջէի նախագծով քաղաքաշինութեան
ոլորտին նախատեսւում է յատկացնել 25,7 մլրդ դրամ

  • 06-11-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի պետական բիւջէի նախագծով քաղաքաշինութեան ոլորտին նախատեսւում է յատկացնել 25,7 մլրդ դրամ, ինչը շուրջ 600 մլն դրամով պակաս է 2009թ.-ի սպասողական ցուցանիշից: Այդ գումարները հիմնականում ուղղուելու են կրթական եւ մշակոյթային օբյեկտների կառուցմանը, հիմնանորոգմանը, բնակարանաշինությանը: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների նոյեմբերի 6-ի համատեղ նիստում յայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը: Բիւջէտային միջոցներից, մասնաւորապէս, կրթական օբյեկտների հիմնանորոգման համար նախատեսուել է 439,5 մլն դրամ, մշակոյթային օբյեկտների հիմնանորոգման եւ բարելաւման ծրագրով` 695,5 մլն դրամ, յուշարձանների վերականգնման համար` 213,3 մլն դրամ, բնակարանային շինարարութեան ծրագրով` 22,05 մլրդ դրամ, զոհուած (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելաւման համար` 500 մլն դրամ, վարչական օբյեկտների, այդ թփում մարզպետարանների շէնքերի հիմնանորոգման համար` 83,5 մլն դրամ, Սեւանայ լճի առափնեայ տարածքների ծրագրային փաստաթղթերի մշակման համար` 10 մլն դրամ, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների հիմնանորոգման համար` 1,63 մլրդ դրամ: Ըստ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանի, ոլորտի ծրագրերի համար նախատեսուած 25,7 մլրդ դրամի ընդհանուր գումարից 23,195 մլրդ դրամը յատկացուել է նախարարութեանը եւ, որպէս կապիտալ ծախսեր, ներառուած է նախարարութեան 2010թ.-ի բիւջէում: Կառավարման ապարատի պահպանման համար նախատեսուած է 473 մլն դրամ: Նշուեց նաեւ, որ աղէտի գօտում անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ-ի վարկային միջոցների հաշուին անշարժ գոյքի ձեռք բերման ծրագրով յատկացուած 22,05 մլրդ դրամի չափով գումարների շրջանակներում նախատեսւում է, մասնաւորապէս, Շիրակի մարզի Գիւմրի քաղաքում կառուցել 2 003 բնակարան, Ախուրեան գիւղում` 182 բնակարան եւ մի շարք այլ գիւղական համայնքներում` 220 անհատական բնակարաններ: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նախատեսւում է կառուցել 354, իսկ գիւղական համայնքներում` 1 821 բնակարան: Բիւջէի նախագծի հիմքում դրուած է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 376 ՀՀ դրամ հաշուարկային փոխարժեքը:
  -   Տնտեսութիւն