Քրէական գործ է յարուցուել «Օբյեկտների եւ փոխադրումների<br /> ռազմականացուած պահպանութիւն» ՓԲԸ-ի նախկին տնօրէնի դէմ<br />


Քրէական գործ է յարուցուել «Օբյեկտների եւ փոխադրումների
ռազմականացուած պահպանութիւն» ՓԲԸ-ի նախկին տնօրէնի դէմ

  • 30-10-2009 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնում յարուցուել է քրէական գործ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացուած պահպանութիւն» ՓԲԸ նախկին տնօրէն Գ.Հանիսյանի կողմից առանձնապէս խոշոր չափերի գումար յափշտակելու դէպքի առթիւ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ՀՀ գլխաւոր դատախազութիւն ուղարկած հաղորդման հիման վրայ նախապատրաստած նիւթերով պարզուել է, որ նախարարութեան «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացուած պահպանութիւն» ՓԲԸ նախկին տնօրէն Գ.Հանիսյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերութեան 2004թ. սեպտեմբերի 13-ի թիւ 15/4 լիազորագրով հանդէս գալով որպէս ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնութեան «Ալտայսկոե» ՍՊԸ-ից ստացել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Ալտայսկոե» ՍՊԸ-ի միջեւ 2004թ. յուլիսի 19-ին կնքուած պայմանագրով «Հայկական երկաթուղուն» վճարման ենթակայ 11 556 600 դրամին համարժէք 660 000 ՌԴ ռուբլի: Սակայն նշուած գումարը Գ.Հանիսյանը չի մուտքագրել ՓԲԸ-ի դրամարկղ, այլ այն տնօրինել է սեփական հայեցողութեամբ` օգտագործելով անձնական կարիքների համար: Ըստ ՀՀ գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, իւրացման եղանակով առանձնապէս խոշոր չափերի գումար յափշտակելու համար Գ.Հանիսյանի դէմ յարուցուել է քրէական գործ ՀՀ Քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտի յատկանիշներով: Քրէական գործն ուղարկուել է ՀՀ ոստիկանութիւն նախաքննություն կատարելու:
  -   Հասարակութիւն