Բագրատ Եսայեան. Սկաուտութիւնն ունի հսկայական հայրենասիրական նշանակութիւն
14-07-2011 17:09:30 | Հայաստան | Հասարակութիւն
Հայաստանում ստեղծուած է սկաուտական շարժման շատ լաւ համակարգ։ «Երկիր Մեդիայ» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ այս մասին յայտարարեց Համաշխարհային սկաուտական շարժման «Եւրասիայ» տարածաշրջանային բիւրոյի տնօրէն Իւրի Էմիլիանը։ Նա կարեւորեց, որ Հայաստանի կառավարութիւնը յատուկ ուշադրութիւն է յատկացնում սկաուտներին՝ օգնելով հայ սկաուտներին բացել իրենց նոր բանակավայրը։
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութեան (ՀՄԸՄ ՀԱՍԿ) կենտրոնական վարչութեան ատենապետ Բագրատ Եսայեանը յաւելեց, որ վերջին 13 տարիների ընթացքում պետութեան կողմից բաւականին լուրջ ուշադրութիւն է դարձւում սկաուտական շարժմանը. 10 տարի առաջ կազմակերպութիւնը կառավարութիւնից որպէս նուէր ստացել է մէկուկէս հա տարածքով ճամբար Բիւրականում, ընդամէնը մի քանի ամիս առաջ կառավարութիւնը նոր որոշում է կայացրել եւ յատկացրել եւս մէկ հա տարածք. «Լրացուցիչ տարածք ստանալուց յետոյ ՀՄԸՄ Հասկ-ը հնարաւորութիւն ունի միաժամանակ մօտ 1000 սկաուտ ընդունել Հայաստանում»,- նշեց Բագրատ Եսայեանը, պարզաբանելով, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կան աւելի քան 2000 սկաուտներ, որոնք ընդգրկուած են 12 մասնաճիւղերում, իսկ «ՀՄԸՄ մեծ ընտանիքն ունի մօտաւորապէս 100 մասնաճիւղ եւ մօտ 25-26 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում»։
Թէեւ սկաուտական շարժումը ունի 100-ից աւելի տարուայ պատմութիւն (առաջին բանակումը տեղի է ունեցել Լոնդոնում, 1907թ.-ին, ապա տարածուել ամբողջ թագաւորութիւնում ու աշխարհում), սակայն շարժման սկզբունքները՝ հաւատ Աստծոյ, սեփական ուժերի նկատմամբ եւ ծնողների, պետութեան նկատմամբ պարտքի զգացում, փոփոխութիւն չեն կրել։ Իւրի Էմիլիանը գտնում է, որ երեւի դրանք չեն էլ փոխուի, որովետեւ այդ երեք սկզբունքները ընդգրկում են ամէն ինչ։ Ըստ նրա, սկաուտիզմը շատ արագ զարգացել է, որովհետեւ «բոլորը տեսնում էին, որ կան լաւ արդիւնքներ»։
Համաշխարհային սկաուտական շարժման Եւրասիայ տարածաշրջանային բիւրոյի տնօրէնն ընդգծեց. «Ոչ մի դէպքում քաղաքական կազմակերպութիւն չէ, քաղաքականացուած կազմակերպութիւն չէ։ Սա երեխաների ու երիտասարդների հասարակական կազմակերպութիւն է, առաջին հերթին դաստիարակչական կազմակերպութիւն է։ Մենք դաստիարակում ենք հասարակութեան ապագայ անդամներին եւ ոչ մի դէպքում չենք խանգարում դպրոցին. սա արտադպրոցական կրթութիւն է։ «Սկաուտ» բառը կարելի է թարգմանել հետեւեալ կերպ՝ կեանքի ճիշտ ուղին հետախուզող»։
Հայաստանում սկաուտական շարժման աւանդոյթները նոյնպէս նոր չեն, ինչպէս նշեց Բագրատ Եսայանը։ Հայաստանի առաջին անկախ Հանրապետութեան ստեղծման տարիներին սկսեց ստեղծուել նաեւ սկաուտական շարժումը։ Այսպէս, 1919թ.-ին Կոստանդնուպոլսում մի քանի նուիրեալներ ստեղծեցին առաջին հայկական սկաուտական կազմակերպութիւնը՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը։ Շարժումն ունէր հսկայական դաստիարակչական, մարդասիրական, հայրենասիրական նշանակութիւն եւ այն լաւագուն միջոցն էր աշխատել երեխաների հետ, հաշուի առնելով, որ 1918-19թթ.-ին Հայաստանում կային հսկայական գաղթականութիւն, որբանոցնէր, որբ երեխաներ: Ուստի այն ժամանակուայ Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը, մասնաւորապէս կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանը, Պոլսից Հայաստան հրաւիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան խմբապետներին՝ Հայաստանի որբանոցներում կենտրոնացած երեխաներին սկաուտական կազմակերպութեան մէջ ընդգրկելու համար։ Շարժումը 1920թ.-ին շատ արագ տարածուեց Հայաստանում, սակայն, Խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ մի քանի տարի անց՝ 1924թ.-ին, արգելուեց։
Բ.Եսայեանը նկատեց, որ, ի տարբերութիւն հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպէս նաեւ Բելայռուսի, որտեղ սկաուտութիւնը ամբողջութեամբ նոր հիմքի վրայ ստեղծուեց, Հայաստանի պարագայում սկաուտութիւնը պահպանուեց Սփիւռքում։ «Առաջին իսկ յարմար առիթով 1989թ. երբ որ մի փոքր ազատութեան շունչ փչեց», 1989թ.-ի դեկտեմբերի 2-ին Երեւանում կայացած առաջին ժողովը Հայաստանում վերահիմնադրեց սկաուտական շարժումը, իսկ 1997թ.-ի ապրիլին Հասկ-ը դարձաւ Համաշխարհային սկաուտական շարժման անդամ։ (Սկաուտական համաշխարհային կազմակերպութեանն անդամակցում են 162 երկրներ։)
Բ.Եսայեանը նշեց, որ եթէ նախկինում ամբողջ աշխարհի սկաուտները միմեանց հետ շփւում էին որոշակի ռադիօյաճախականութեան վրայ, ապա հիմա կազմակերպւում են ինտերնետային բանակումներ։