ՀՀ սփիւռքի նախարարը մասնակցել է Լեհաստանի հայկական<br /> համագումարի աշխատատանքներին<br />


ՀՀ սփիւռքի նախարարը մասնակցել է Լեհաստանի հայկական
համագումարի աշխատատանքներին

  • 20-08-2009 19:02:00   |   |  Հասարակութիւն
ՎԱՐՇԱՒԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը օրերս մասնակցել է Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպութիւնների հիմնադիր համագումարի աշխատանքներին: Ինչպէս նշւում է ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից ստացուած հաղորդագրութիւնում, լեհահայ համայնքը դեռեւս 15-րդ դարից հիւրընկալ երկրի բարձրագոյն ատեանում պաշտօնապէս ճանաչուած համայնքն է: Ոչ պաշտօնական տուեալներով այսօր Լեհաստանում բնակւում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակւում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում եւ այլուր: Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ Լեհաստանում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպութիւնների հիմնադիր համագումարում քննարկուել են «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպութիւնների հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» եւ Հայաստան-Սփիռք գործակցութեան զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդէս են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյեանը եւ ՀՀ սփիւռքի նախարար Հ. Յակոբեանը, այնուհետեւ տեղի են ունեցել ակտիւ եւ բուռն քննարկումներ: Համագումարն ընտրել է 21 հոգուց բաղկացած համայնքային ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ է ընտրուել գործարար Կարեն Յովսէփեանը: Համագումարի պատուիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպութիւնն անուանակոչուել է «Լեհաստանի հայկական համագումար»: Համագումարն ընդունել է նաեւ Հռչակագիր: ՀՀ Սփիւռքի նախարարն այցելել է Կոլոբժեկ եւ Կոշալին քաղաքներ: որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարին ուղեկցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյեանը եւ «Լեհաստանի հայկական համագումար» կազմակերպութեան նախագահ Կարեն Յովսէփեանը: Ինչպէս համագումարում, այնպէս էլ նշուած հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները սփիւռքի նախարարի առջեւ բարձրացրել են բազմաթիւ հարցեր, որոնցից առաւել ուշագրաւ էին, Լեհաստանում բնակուող 16 տարին լրացած պատանիների զինհաշվառման եւ անձնագրաւորման խնդիրները, հայ-լեհական յարաբերութիւնների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին առնչուող բազմաթիւ հարցեր: ՀՀ սփիւռքի նախարարը սիրով պատասխանել է յուզող բոլոր հարցերին, ներկայացրել ՀՀ օրէնսդրութեան պահանջները, ՀՀ քաղաքացիների իրաւունքներն ու պարտականութիւնները տուեալ ոլորտում:
  -   Հասարակութիւն