2010թ.-ից Հայաստանի պետբիւջէի դեֆիցիտը չի գերազանցելու<br /> ՀՆԱ-ի 7,5 տոկոսը` ներկայիս 5 տոկոսի փոխարէն<br />


2010թ.-ից Հայաստանի պետբիւջէի դեֆիցիտը չի գերազանցելու
ՀՆԱ-ի 7,5 տոկոսը` ներկայիս 5 տոկոսի փոխարէն

  • 02-06-2009 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 2-ին Հայաստանի Ազգային Ժողովը 3,5 ժամում սպառեց կառավարութեան նախաձեռնութեամբ նոյն օրը գումարուած արտահերթ նիստի օրակարգը` աշխատելով առանց ընդմիջման: Խորհրդարանը երկու ընթերցումներով քննարկեց եւ ամբողջութեամբ ընդունեց կառավարութեան հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւն է կատարւում «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» 1997թ.-ի օրէնքում: Ըստ այդմ, 2010թ.-ի պետբիւջէի նախագծի ձեւաւորման գործընթացից սկսած սահմանւում է, որ կառավարութեան կողմից ԱԺ ներկայացւող առաջիկայ տարուայ պետբիւջէի մասին օրինագծում պետբիւջէի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել բիւջէտային ուղերձում նշուած ՀՆԱ-ի 7,5 տոկոսը` ներկայիս 5 տոկոսի փոխարէն: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանի, փոփոխութիւնը միտուած է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութիւնը մեղմելուն եւ պայմանաւորուած է, մասնաւորապէս, պետբիւջէի ֆինանսավորմամբ իրականացyող ծրագրերի ֆինանսաւորման նպատակով նախորդ տարիների համեմատ փոխառու միջոցների զգալի ծաւալների ներգրաւման անհրաժեշտութեամբ: Դա իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի աճին թէ' անուանական, թէ' յարաբերական արտայայտութեամբ: Նախարարը յայտնեց նաեւ, որ թէեւ մինչ այժմ ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսի ցուցանիշը, սակայն ներկայիս արտակարգ պայմաններում գործող 5 տոկոս սահմանաչափը կարող է խոչընդոտել կառավարութեան գործողութիւնների բաւարար ճկունության ապահովմանը: Ըստ նրա, բոլորովին պարտադիր չէ, որ կառավարութիւնը 2010թ.-ի համար դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը նախատեսի սահմանային 7,5 տոկոսի չափով: Նախարարի կանխատեսմամբ, այդ ցուցանիշը կտատանվի 6-6,5 տոկոսի սահմաններում: Նշուեց նաեւ, որ 1 տոկոսի արժէքը շուրջ 33 մլրդ դրամ է, հետեւաբար, առաջարկուող լրացուցիչ 2,5 տոկոսինը` շուրջ 70 մլրդ դրամ: Նախագծի ընդունմանը դէմ քուէարկեցին «Ժառանգութիւն» խմբակցութեան 2 անդամներ եւ ԱԺ-ի նախկին նախագահ, անկախ պատգամաւոր Տիգրան Թորոսեանը: Քուէարկութեանը չմասնակցեցին նոյն խմբակցութեան 3 անդամներ եւ «ՀՅԴ» խմբակցութիւնը: Վերջինի ղեկավար Վահան Հովհաննէսեանը յայտարարեց, որ իրենց որոշումը քաղաքական է: Նախագծի ընդդիմախօսները հիմնականում այն կարծիքին էին, որ վարկային բեռի աւելացմանն ուղղուած կառավարութեան առաջարկը հիմնաւորուած չէ, եւ, ինչպէս նշեց Տ.Թորոսեանը, պարզունակ է:
  -   Տնտեսութիւն