Հայաստանի անշարժ գոյքի շուկայում առաջիկայ ամիսներին<br /> ակնկալւում է որոշակի ակտիւացում<br />


Հայաստանի անշարժ գոյքի շուկայում առաջիկայ ամիսներին
ակնկալւում է որոշակի ակտիւացում

  • 15-05-2009 17:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցութիւնն ունեցաւ Հայաստանի անշարժ գոյքի շուկայում, այդուհանդերձ առաջիկայ ամիսներին ակնկալւում է որոշակի ակտիւացում: Ինչպէս մայիսի 15-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Կադաստրի պետական կոմիտէի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադեանը, կոմիտէի անցկացրած ուսումնասիրություններով աճի որոշակի միտումներ արդէն նկատւում են: Այս տարուայ յունուար-մարտին հանրապետութիւնում իրականացուել է անշարժ գոյքի հետ կապուած աւելի քան 28 հազար գործարք, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ շուրջ 18%-ով պակաս է: Ապրիլին իրականացուել են 11,4 հազար գործարքներ, ինչը մարտի համեմատ աւելի է 3,9%-ով: Նման աճի տեմպ է գրանցուել նաեւ մարտին` փետրուարի նկատմամբ: Նշուեց նաեւ, որ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 8%-ով աճել է անշարժ գոյքի վարձակալութեան գործարքների թիւը: Ա.Մուրադեանի գնահատմամբ, եթէ աճի այս տեմպերը պահպանուեն, ապա մինչեւ տարվերջ անշարժ գոյքի շուկան կկայունանայ: Ըստ նրա, կառավարութեան հակաճգնաժամային ծրագրերը եւս կնպաստեն ոլորտի ակիտվացմանը, եւ մօտ 1 ամսից աշխուժացումն արդէն նկատելի կլինի: «Ակցեռն» գործակալութեան տնօրէն Յակոբ Բաղդասարեանի խօսքերով, տնտեսական ճգնաժամը համարւում է ներդրումներ իրականացնելու ամենայարմար ժամանակահատուածը: Ուսումնասիրությունները ցոյց են տալիս, որ ճգնաժամի պայմաններում վերջին ամիսներին Հայաստանում անշարժ գոյքի գործարքների մեծ մասը կնքել են գործարարները: «Գալաքսիթի» գործակալութեան տնօրէն Դավիթ Հովհաննսիյանի գնահատմամբ, նորակառոյց շէնքերի շուկայում վիճակը կայուն է, եւ կարելի է ասել, որ ճգնաժամի հետեւանքով գներն այս շուկայում անկում չեն ապրել: Ըստ նրա, դա պայմանաւորուած է նրանով, որ նորակառոյց շուկայի գնորդների 50-60%-ը ԱՊՀ երկրներից է, հիմնականում Ռուսաստանի հայ համայնքից, իսկ 20-25%-ը` սփյուռքահայերը:
  -   Տնտեսութիւն