Հայաստանի սպառողական շուկան արձագանքում է արտարժութային
շուկայի կտրուկ տատանմանը
03-03-2009 17:58:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան
հետ կապերի ծառայութեան, մարտի 3-ին Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ բորսայում իրականացուել է 3 մլն 420 հազար ԱՄՆ դոլարի
առք եւ վաճառք` 372,11 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած
փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372,49 դրամ: Դա այն դէպքում,
երբ մարտի 2-ին բորսայում իրականացուել է 31 մլն 29 հազար ԱՄՆ
դոլարի առք եւ վաճառքն 305 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած
փոխարժեքով: Փակման գինը կազմել է 305 դրամ:
Այդպէս կտրուկ է եղել արտարժութային շուկայի արձագանքը ՀՀ ԿԲ
խորհրդի կայացրած որոշմանը, որի համաձայն, ԿԲ-ն սահմանափակում է
արտարժութային շուկայում միջամտութիւնները եւ վերադառնում
«լողացող փոխարժէքի» քաղաքականութեանը` «գնաճի նպատակադրման»
քաղաքականութիւնից:
ՀՀ ԿԲ-ն մարտի 3-ի համար սահմանել է արտարժոյթների հետեւեալ
փոխարժեքները. 1 ԱՄՆ դոլարի համար 372,11 դրամ, որը նախորդ օրուայ
փոխարժեքը գերազանցում է 66,36 դրամով, 1 եւրոյի համար 469,72 դրամ
(գերազանցումը 83,81 դրամ), 1 ռուսաստանեան ռուբլու համար 10,27
դրամ (գերազանցումը 1,8 դրամ):
Նշենք, որ ըստ tert.am-ի, «Սթար» սուպերմարկետների ցանցի
գործադիր տնօրէն Վահան Քերոբյանը յայտարարել է, որ ցանցի
խանութներում մէկ ժամով տեխնիկական ընդմիջում էր յայտարարուել, քանի
որ մրցակից ցանցերը բարձրացրել էին կարագի եւ շաքարաւազի գները
20%-ով, եւ «Սթար»-ում փորձում էին հասկանալ իրենց յետագայ գնային
քաղաքականութիւնը: