Հայաստանի կառավարութիւնը կարող է հրաժարուել ռիսկայնության
բարձր մակարդակի ծախսերից
26-02-2009 14:12:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գերատեսչութիւններից
եւ համայնքներից շատերը դեռեւս չեն կատարել օրէնքով սահմանուած այն
պահանջը, որը վերաբերում է ՀՀ Վերահսկիչ պալատի
ուսումնասիրություների եզրակացություններին համայնքների եւ
գերատեսչութիւնների կողմից պատասխանների ներկայացմանը: ՀՀ
կառավարութեան փետրուարի 26-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսեանը
նշեց, որ իր կողմից այսօր տրվելիք հանձնարարկանի համաձայն, օրէնքի
նշուած պահանջը պէտք է կատարուի առաջիկայ մէկ շաբաթուայ ընթացքում,
հակառակ դէպքում` «ստիպուած կլինենք այլ միջոցների դիմել»:
Բացի այդ, ՀՀ վարչապետի խօսքերով, 2008թ.-ին Վերահսկիչ պալատի
իրականացրած աշխատանքները ցոյց են տուել, որ կան բիւջէի ծախսերի
արդիւնաւէտութեան ապահովման լուրջ խնդիրներ: Նշուեց, որ Վերահսկիչ
պալատի նախագահին առաջարկուել է իրականացնել բիւջէտային ծախսերի
արդիւնաւէտութեան ռիսկերի վերլուծութեան վրայ հիմնուած
վերահսկողութիւն: Ըստ Տ.Սարգսեյանի, Վերահսկիչ պալատի նախագահը
պէտք է կառավարութեանը ներկայացնի այն ոլորտների ցանկը, որտեղ
ստուգումների արդիւնքներով արձանագրուել է ծախսերի ռիսկայնության
չափազանց բարձր մակարդակ: Նա յաւելեց, որ այդ ռիսկայնության
մակարդակի անփոփոխ մնալու դէպքում կառավարութիւնը կհրաժարուի նշուած
ծախսերից, «մանաւանդ, եթէ գերատեսչութիւնները Վերահսկիչ պալատի
ուսումնասիրությունների արդիւնքների հիման վրայ դասեր չեն քաղել»:
Վարչապետն ընդգծեց, որ այդ ծախսերից հրաժարուելը, հնարաւոր է,
հանգեցնի ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի լուրջ խնայողութիւնների: