Հայաստանի կառավարութիւնն առաջարկում է աւելացնել ներմուծվող<br /> սպառման ապրանքների մաքսատուրքը<br />


Հայաստանի կառավարութիւնն առաջարկում է աւելացնել ներմուծվող
սպառման ապրանքների մաքսատուրքը

  • 12-02-2009 18:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մաքսային օրէնսգրքում առաջարկուող փոփոխութիւնների համաձայն նախատեսւում է իրենց բնոյթով ոչ հումքային ապրանքատեսակների, եւ ընդհանրապես վերջնական սպառմանն ուղղուած ներկրւող ապրանքների տուրքերը բարձրացնել մինչեւ 15%: Ինչպէս ՀՀ կառավարութեան փետրուարի 12-ի նիստում յայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, դա թոյլատրւում է Առեւտրի համաշխարհային կազմակերության համաձայնագրով: Ըստ նախարարի, մինչ օրս Հայաստան ներմուծման մաքսատուրքերը եղել են կամ 0, կամ 10%: «Այս առաջարկութիւնով ներքին արտադրողներին պաշտպանելու համար կկարողանանք վերջնական սպառման ապրանքների ներկրումը թանկացնել»,- նշեց Ն.Երիցյանը: Նա յայտնեց նաեւ, որ այդ բարձրացումը ժամանակաւոր բնոյթ է կրելու, իսկ համապատասխան ապրանքների ցանկը պատրաստ կլինի առաջիկայ օրերին: Վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ մաքսային տուրքերը բարձրացւում են ներմուծվող այն ապրանքների համար, որոնց նկատմամբ Հայաստանում «կայ մրցակցային դաշտ»: Նրա խօսքերով, կառավարութեան նպատակն է` պաշտպանել տեղական արտադրողին: Տ.Սարգսեանը նշեց նաեւ, որ այս նախագիծը հնարավորինս պէտք է շուտ ուղարկել Ազգային Ժողով, որպէսզի այս ամիս արագացուած ընթացակարգերով ընդունվեն Մաքսային օրէնսգրքի փոփոխութիւնները:
  -   Տնտեսութիւն