«Ֆեներբախչէ» - «Շախտեօր» հանդիպումն անաւարտ է մնացել
22-07-2011 14:28:30 | | Սպորտ
Թուրքական «Ֆեներբախչէի» եւ ուկրաինական «Շախտեօրի» միջեւ կայացած ընկերական հանդիպումն անաւարտ է մնացել տեղի երկրպագուների հրահրած անկարգութիւնների պատճառով: Իրադարձութիւնները տեղի են ունեցել երկրորդ խաղակէսի միջնամասում, երբ թուրք ֆուտբոլասէրները, ի նշան բողոքի պայմանաւորուած խաղերին մասնակցութեան համար «Ֆեներբախչէի» դէմ յարուցուած գործի, մտել են խաղադաշտ: Բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել:
Հայաստանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը, ով հանդիպման երկրորդ կէսում դուրս է եկել փոխարինման, խաղից յետոյ «Շախտեօրի» պաշտօնական կայքի լրագրողին ասել է. «Ոչ-ոք չէր կարող անգամ ենթադրել, որ կարող է նման բան տեղի ունենալ: Խաղային ռիթմի մէջ մտնելու համար մտադիր էինք խաղադաշտում անցկացնել 90, այլ ոչ թէ 70 րոպէ: Յուսով եմ նման բան չի կրկնուի «Լիոնի» հետ խաղում: Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ եւ մեր երկրպագուներից միայն ջերմ աջակցութիւն ենք ակնկալում: Կարծում եմ, թուրքական ակումբի ֆուտբոլիստները որոշ չափով պատրաստ էին իրենց երկրպագուների այսպիսի ակցիաներին, սակայն դէպքերի նման զարգացման ոչ-ոք չէր սպասում»: