Ներտնային գազասպասարկման վճարը կը բարձրանա՞յ


Ներտնային գազասպասարկման վճարը կը բարձրանա՞յ

  • 22-07-2011 17:37:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ներտնային գազասպասարկման ոլորտում ձեւաւորուել է մենաշնորհ, իսկ սպասարկման բարձր վարձը թոյլ է տալիս տեխնիկական սպասարկման ոլորտում մենաշնորհ ունեցող «ԷՅ Ի ՋԻ» ընկերութեանը գերշահոյթներ ստանալ: Այս մասին յուլիսի 22-ի ասուլիսում յայտնել է ոլորտն ուսումնասիրած լրագրող Նուեր Սարգսեանը: Ըստ նրա, ընկերութիւնը, որը սպասարկում է հանրապետութեան գազահամակարգին միացած 615 հազարից աւելի բաժանորդի, աշխատում է մօտ 10 տոկոս շահութաբերութեամբ եւ կատարում չհիմնաւորուած ծախսեր: Նա նշել է նաեւ, որ բնակարանում տեղադրուած երկու գազօգտագործման սարքի դէպքում նախատեսուած է մէկ փականագործի, երկու եւ երեք սարքի դէպքում` երեք փականագործի այցելութիւն, մինչդեռ բնակարաններ այցելում է մէկ, լաւագոյն դէպքում` երկու փականագործ: «Ստացւում է, որ մէկն երեքի աշխատանք է կատարում, բայց վճարւում մէկի դիմաց»,-եզրակացրել է Ն.Սարգսեանը` յաւելելով, որ «Էյ Ի Ջի» ընկերութիւնն առկայ բաժանորդներին սպասարկելու համար պէտք է ունենա առնուազն 1300-1400 փականագործ, սակայն այսօր ունի ընդամէնը 995 աշխատող: Ասուածի հետ, բնականաբար, չէն համաձայնել ասուլիսին մասնակցող` 2005թ.-ից տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնող «ԷՅ Ի ՋԻ» ընկերութեան պատասխանատուները: Ըստ տնօրէն Աշոտ Յովսէփեանի, ընկերութեան մենաշնորհային դիրքը պայմանաւորուած է նրանով, որ հանրապետութիւնում չկայ անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող նման մէկ այլ ընկերութիւն, որը դիմի այս ոլորտում աշխատանքներ իրականացնելու համար: Տնօրէնը յայտնել է նաեւ, որ այս ոլորտում իր գործունէութեան ընթացքում ընկերութիւնն իրականացրել է 500 մլն դրամի ներդրում, ինչը թոյլ է տալիս փականագործին նուազեցնել ստուգման տեւողութիւնը: Նրա համոզմամբ, կարեւորն այն չէ, թէ այդ սպասարկումը քանի մարդ է իրականացնում, կարեւորը որակի ու անվտանգութեան ապահովումն է: Ընկերութեան տնօրէնի առաջին տեղակալ Մկրտիչ Ջալալեանն էլ վստահեցրել է, որ իրենց մասնագէտները պարբերաբար ուսուցում էն անցնում ուսումնական կենտրոնում, որի ստեղծման համար ընկերութիւնը յատկացրել է 30 մլն դրամ, եւ յանձնում մասնագիտական քննութիւն: Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի Մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչութեան պետ Աբգար Բուդաղեանը, փաստելով, որ, ըստ էութեան, գազի ներտնային սպասարկման ոլորտում ընկերութիւնն ունի մենաշնորհային դիրք, յայտարարել է, թէ դրան այլընտրանք չկայ: Ինչ վերաբերում է սպասարկման որակից ու գնից բնակչութեան դժգոհութիւններին, ապա, ըստ նրա, հարցի վերաբերեալ հասարակական կազմակերպութիւնների հետ կանցկացուէն քննարկումներ: Ա.Բուդաղեանը նաեւ յաւելել է, որ ընթացիկ տարում կը փորձեն վերագնահատել եղած սակագնային համակարգը` ուսումնասիրութեան արդիւնքում սակագինը կարող կամ նուազեցուել, կամ բարձրացուել: Նշենք, որ 2005թ.-ից ի վեր մէկ գազօգտագործման սարք ունենալու դէպքում գազասպասարկման տարեկան վճարը սահմանուած է 2400 դրամ, երկուսի դէպքում` 5700 դրամ, երեքի դէպքում` 6900 դրամ:
  -   Տնտեսութիւն