ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնը համագործակցում է «Վիւասել»-ի հետ<br />


ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնը համագործակցում է «Վիւասել»-ի հետ

  • 22-07-2011 20:20:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ առողջապահութեան նախարարութիւնում տեղի է ունեցել ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկեանի եւ Վիւասել-մտս ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանի մամուլի համատեղ ասուլիսը` նուիրուած շտապ բժշկական օգնութեան գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը, որի առանցքային բաղադրիչներից մէկն իրականացւում է պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան շրջանակներում: Նախարար Քուշկեանը ներկայացրել է, որ մեկնարկած ծրագիրը յաջողութեամբ իրականացուել է, իսկ շտապօգնութեան համակարգում անհրաժեշտ էին ոչ միայն նոր մեքենաներ ու բուժպարագաներ, այլեւ ժամանակակից կապ ու ժամանակակից գործակարգավարական ծառայութիւն, ինչն էլ իրականութիւն է դարձել Վիւասելլ-մտս-ի օժանդակութեամբ: Նախարարը շնորհակալութիւն է յայտնել ընկերութեան տնօրէն Ռալֆ Յիրիկեանին առողջապահական ոլորտին մշտապէս աջակցելու համար: Հայաստանում արդիւնաւէտ գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով միայն 2011-ին Վիւասել-մտս-ը տրամադրել է 28 միլիոն դրամի աջակցութիւն` թուային կապի համար անհրաժեշտ սարքաւորում ձեռք բերելու նպատակով, ինչպէս նաեւ կազմակերպութեան` Հայաստանում ամենաընդարձակ եւ զարգացած 3G/3.5G ցանցը: Համագործակցութիւնը 2012-ին եւս կը շարունակուի` դիսպետչերական ծառայութեան համար անհրաժեշտ թուային ռադիօկապի համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում: Շտապ բուժօգնութեան ծառայութեան արդիականացման ռազմավարութիւնը հաստատուել է ՀՀ կառավարութեան համապատասխան որոշմամբ դեռեւս 2010 թուականին: Վերանորոգվել է 1-03 ծառայութեան գործակարգավարական կենտրոնը, տեղադրուել են գլոբալ նաւիգացիոն համակարգ, Երեւանի քարտէզով նաւիգատորներ, համակարգչային եւ զանգերի ձայնագրման սարքաւորում, կենտրոնի ու ենթակայանների միջեւ ստեղծուել է լուսամանրաթելային կապ եւ այլն: Շտապ բուժօգնութեան ծառայութեան արդիականացման շրջանակներում ստեղծուել է արբանեակային վերահսկողութեան եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնութեան մեքենաների համակողմանի վերահսկողութիւնը` ներառեալ կանչի աւտոմատ գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիւանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախ՝ GPS արբանեակների միջոցով որոշւում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից յետոյ կատարւում է տուեալների հաւաքագրում բուժխմբի զբաղուածութեան, ինչպէս նաեւ խմբի տեսակի վերաբերեալ: Մեքենայից Վիւասել-մտս-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տուեալներն ուղարկւում են կենտրոնական սերուերին: Կանչը ստանալուն պէս, գրանցւում են բոլոր տուեալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու: Ընթացքում GPS եւ 3G/3.5G միջոցով կատարւում է կանչի մոնիտորինգ: Մեքենաներում տեղադրուած նաւիգատորները թոյլ են տալիս վարորդին լուծել հասցէին ամենակարճ ճանապարհով մօտենալու խնդիրը` ինչը հնարաւորութիւն է տալիս նուազագոյնի հասցնել շտապօգնութիւնը «դիմաւորելու» անհրաժեշտութիւնը: Քարտէզի վրայ բուժհաստատութիւնների նախապէս նշուած լինելը թոյլ է տալիս արագ որոշել, թէ որ հիւանդանոցն է առաւել նպատակայարմար տեղափոխել հիւանդին: Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիւանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպէս նաեւ էականօրէն նուազեցնել վառելիքի ծախսը: «Վիւասել-մտս-ը մեծապէս կարեւորում է Հայաստանի բնակչութեանը մատուցուող ծառայութիւնների որակի բարելաւումը` այդ թւում նաեւ առողջապահական ոլորտում: Որպէս Հայաստանում երրորդ սերնդի ամենաընդարձակ եւ յուսալի ցանցն ունեցող օպերատոր, ընկերութիւնը պատրաստակամ է աջակցելու առողջապահական ժամանակակից ծառայութիւնների ներդրմանը թէ՛ իր կապուղիները տրամադրելով, եւ թէ՛ նորարարական լուծումներով»,- նշել է Ռալֆ Յիրիկեանը: Առողջապահութեան նախարարութիւնը բարձր է գնահատում միշտ ժամանակին եւ ճիշտ տեղում լինելու Վիւասել-մտս-ի որդեգրած մօտեցումը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գործունէութիւնը պետութեան հետ մասնաւոր հատուածի համագործակցութեան հրաշալի օրինակ է, որի հիմքում մարդասիրութիւնն է, մեր երկրում նոր մշակոյթ ձեւաւորելու ցանկութիւնը, նորարարութիւններին ու ոլորտի զարգացմանն ընդառաջելու մղումը: Վիւասել-մտս-ը առողջապահութեան համակարգի կողքին է տեւական ժամանակ: Բաւական է նշել ճանապարհային անվտանգութեան իրազեկման քարոզարշաւը, հանրապետութեան տարբեր մարզերի եւ կենտրոնական հիւանդանոցներին, ծննդատներին եւ ուռուցքաբանութեան ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցութիւնը, միջազգային բժշկական համաժողովների հովանաւորութիւնը եւ նորարարական լուծումներով` համակարգի արդիականացմանը նպաստելու պատրաստակամութիւնը: Գնահատելի են առողջ հասարակութիւն ունենալու հարցում Վիւասել-մտս-ի ներդրած ջանքերը:
  -   Հասարակութիւն