Արագած Ախոյեան. «Ակունքի» քայլքը վանում խնկարկութեան պէս մի բան էր»
27-07-2011 17:27:12 | Հայաստան | Մշակոյթ
Վերջերս Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքում հայկական «Ակունք» ազգագրական համոյթը մասնակցեց քաղաքի օրուան նուիրուած փառատօնին: Փառատօնը պէտք է տեւէր 3 օր: Առաջին 2 օրն անցել է նախատեսուածի պէս, իսկ 3-րդ օրը հայկական պատուիրակութիւնը հիւրանոցի իրենց սենեակներից ականատես է եղել թուրք-քրդական բախումներին, ծեծ ու ջարդին, կրակոցներին ու գոռոցներին, ինչի պատճառով փառատօնի փակումը չի կայացել: Այս մասին յուլիսի 27-ի ասուլիսում յայտնեցին ԱԺ պատգամաւոր Արագած Ախոյեանն ու «Ակունք»-ի ներկայացուցիչները:
«Դա իշխանութեան եւ քրդերի միջեւ տարաձայնութիւնների արդիւնք էր, եւ հայերը որեւէ կապ չունէին: Տարածաշրջանում ցանկացած միջոցառում` լինի մշակութային, քաղաքական, թէ հասարակական, քրդերն անպայման օգտագործում են իրենց բաղձալի նպատակները ներկայացնելու համար, ինչը ի հարկէ ձեռք չի տալիս իշանութիւններին: Նրանց միջեւ բախումները սովորական բան են դարձել»,- յայտարարեց Ա.Ախոյեանը:
Պատգամաւորի խօսքերով, Վանի քրդական ղեկավարութիւնը իրենց շատ լաւ է ընդունել: Նա դա կապեց քրդերի` կ'որցրածի արժէքը հասկանալու հետ: «Իրենք հասկացել են, որ առանց հայերի չեն կարող, հասկացել են, թէ ինչ նշանակութիւն ունէր հայերի ներկայութիւնը իրենց բնակեցրած տարածքներում»,- ասաց Ա.Ախոյեանը` յաւելելով, որ Վանի քաղաքապետը նոյնիսկ առաջարկել է միասին հայկական մշակոյթի կենտրոն ստեղծել Վանում: Վանի քաղաքապետին եւ պատգամաւորներին հետ հանդիպելիս, Ա.Ախոյեանը քննարկել է նաեւ հայկական յուշարձանների խնդիրները: Նրա խօսքերով, քուրդ պաշտօնեաները առաջարկել են յաջորդ անգամ միասին շրջել Վանում, լսել հայերի առաջարկութիւնները եւ փորձել դրանցից նուազագոյնը գոնէ կատարել: Քաղաքապետը խոստացել է անպայման պահպանել Վարագավանքը:
Վանի փառատօնին մասնակցելու հրաւէրը Ա.Ախոյեանը ստացել է իր անձնական կապերի միջոցով եւ «Ակունքին» առաջարկել է ներկայացնել Հայաստանը: «Ակունքը», թէեւ յուլիսի 19-ին համերգ ունէր Առնօ Բաբաջանեան համերգասրահում, բայց ընդունել է առաջարկը եւ համերգի նոյն գիշերն էլ, Ա.Ախոյեանի ֆինանսաւորմամբ, մեկնել է Վան: Թէեւ փառատօնն իրենից մրցոյթ չէր ներկայացնում, բայց հայերի մասնակցութիւնը, պատգամաւորի խօսքերով, շատ կարեւոր էր պատմական հայրենիքում կազմակերպուած միջոցառմանը, մանաւանդ որ փառատօնին բազմաթիւ երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում: «Մեզ համար կարեւորը հայկական շունչը այնտեղ տարածելն էր: «Ակունքի» քայլքը վանում խնկարկութեան պէս մի բան էր»,- նշեց նա: