Հայաստանի Հանրապետութեան անկախութեան քսանամեակին նուիրուած միջոցառում Շուեյցարիայի Լոկառնոյ քաղաքում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան քսանամեակին նուիրուած միջոցառում Շուեյցարիայի Լոկառնոյ քաղաքում

  • 30-07-2011 12:32:41   |   |  Մշակոյթ
 Յուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան քսանամեակին նուիրուած միջոցառումների շրջանակներում, Շուեյցարիայի Տիսինոյ շրջանի Լոկառնոյ քաղաքի ցուցասրահներից մէկում տեղի ունեցաւ հայ ժամանակակից կերպարուեստի բնագաւառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչեանի եւ Աննա Յարութիւնեանի աշխատանքների ցուցահանդէսի բացումը: Ցուցահանդէսը կազմակերպուել էր Շուեյցարիայի Տիսինոյ կանտոնի կրթութեան, մշակոյթի եւ սպորտի վարչութեան մասնագիտական կրթութեան բաժնի նախաձեռնութեամբ, Շուեյցարիայում ՀՀ դեսպանութեան, Լոկառնոյի բարեգործական կոմիտէի եւ մշակութային հարցերով կազմակերպական յանձնաժողովի ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին Շուեյցարիայում ՀՀ դեսպանութեան, Տիսինոյի պետական եւ հանրային կառոյցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, ցուցահանդէսի բացման արարողութեանը ընթերցուեց Շուեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնաւուրի ուղերձը, որում մասնաւորապէս նշւում էր, որ Հայաստանի անկախութեան քսանամեակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտայայտում է Հայաստանի` որպէս անկախ ու կայուն պետութեան, վերաբերմունքը իր երկրի պատմութեան եւ ժառանգութեան հանդէպ` միաժամանակ ի ցոյց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետութեան եւ հայ ժողովրդի ձգտումը: Միջոցառման ընթացքում ելոյթներով հանդէս եկան ցուցահանդէսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակոյթի առանձնայատուկ գրաւչութիւնն ու ինքնատիպութիւնը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակութիւնները, որ չնայած բազմաթիւ դժուարութիւններին մշտապէս զարգացել է ու նորանոր ստեղծագործութիւններ պարգեւել աշխարհին: Լոկառնոյում հայ ժամանակակից արուեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդէսը կը գործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը: Շուեյցարիայի իտալախօս մասում Հայաստանի անկախութեան 20- ամեակին եւ հայկական մշակոյթին նուիրուած միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսւում էն նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նուիրուած ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շուեյցարական KASA եւ Արեւամանուկ հումանիտար կազմակերպութիւնների գործունէութեան ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական աւանդական խոհանոցի ներկայացում:
  -   Մշակոյթ