Փոխվարչապետը Շէնժենում հանդիպեց հայ մարզիկների հետ<br />


Փոխվարչապետը Շէնժենում հանդիպեց հայ մարզիկների հետ

  • 23-08-2011 12:02:49   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին մասնակցող Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեց ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Օգոստոսի 12-ին մեկնարկած խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել 5 մարզաձեւում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս: Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերի պատմության մեջ առաջին ոսկեմեդալակիր հայ մարզիկը: Հաջող է հանդես եկել նաեւ շախմատիստ Զավեն Անդրեասյանը` զբաղեցնելով 4-րդ տեղը: Փոխվարչապետը կարեւորեց այս հեղինակավոր ստուգատեսին հայ մարզիկների արժանապատիվ մասնակցությունը: Հետագա մարզական հաջողություններ մաղթելով նրանց` Ա. Գեւորգյանը հույս հայտենց, որ հաջորդ խաղերին Ա. Աղասյանի նվաճումը կկրկնեն նաեւ մյուս մասնակիցները, ու մեդալներ կլինեն նաեւ մյուս մարզաձեւերից: Հայաստանի ուսանող-մարզիկները խաղերին մասնակցում են արդեն 10-րդ անգամ: Ընդհանուր առմամբ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ, 11-ը` բրոնզ: Ա. Գեւորգյանը եղավ նաեւ խաղերին մասնակցող պատվիրակություններին հյուրընկալելու համար կառուցված գյուղում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Այն հետագայում ծառայելու է Շենժենի տեխնոլոգիական համալսարանին: Այսօր երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Շենժենից փոխվարչապետը կմեկնի Պեկին, որտեղ նախատեսվում են նրա մի շարք երկկողմ հանդիպումները:
  -   Քաղաքական