ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ՀՀ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ<br /> ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԻ ՎՐԱՅ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ՀՀ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԻ ՎՐԱՅ

  • 20-11-2008 22:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, միջազգային փորձագէտների տուեալներով, ՏՏ ոլորտում ներդրումների ծաւալներն աճում են: Նախորդ տարուայ համեմատ աճել են նաեւ այդ ոլորտի Հայաստանում գործող ընկերութիւնների ներգրաւած ներդրումների ծաւալները: Այս մասին նոյեմբերի 20-ի ասուլիսում յայտնեց «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի տնօրէն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խօսքերով, Հայաստանում մասնաճիւղ ունեցող կանադական «Մակադամիան» ընկերութեան նախագահի հետ զրույցից պարզուել է, որ ՏՏ ոլորտում ներդրումների աճ է արձանագրւում ինչպէս Կանադայում, այնպէս էլ ԱՄՆ-ում: «Իսկ եթէ «Մակադամիան»-ը, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ն իրենց հայկական մասնաճիւղերի աշխատողների թիւը կրկնապատկում են, նշանակում է, որ ներդրումների նուազման մասին խօսք չի կարող լինել»,- ասաց Բ.Ենգիբարյանը` յաւելելով, որ Հայաստանում իրենց աշխատողների թիւը մեծացրել են նաեւ ոլորտի այլ օտարերկրեայ ընկերութիւններ: Նշուեց, որ արտերկրի ՏՏ ոլորտի ընկերութիւնների ներկայացուցիչները համարում են, որ իրենք ունակ են դիմակայելու ներկայիս ֆինանսական ճգնաժամին, քանի որ վերապրել են ոլորտի 2000-2001թթ.-ի ճգնաժամը, երբ ՏՏ ոլորտի ընկերութիւնների բաժնետոմսերի գնանշումները միջազգային բորսաներում կտրուկ նուազեցին` ընկերութիւնների կապիտալացման ուռճացուած լինելու հետեւանքով: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանի տուեալներով, միջազգային ֆինանսական ճգնաժամը արտերկրի ՏՏ ոլորտի ընկերութիւնների վրայ ունեցել է տարբերակուած ազդեցութիւն` կախուած այն բանից, թէ ճգնաժամից ինչ չափով է տուժել ընկերութեան կողմից սպասարկվող ոլորտը: Իսկ քանի որ Հայաստանում գործում են արտերկրի ընկերութիւնների հիմնականում ճարտարագիտական կենտրոնները եւ ՏՏ ճարտարագիտական լուծումների պահանջարկը չի նուազել, ճգնաժամը մեծ բացասական ազդեցութիւն չի գործել Հայաստանի ՏՏ ոլորտի վրայ, իսկ որոշ ենթաոլորտներում էլ աճ է արձանագրւում: Այնուամենայնիւ, ԻՏՁՄ-ի գործադիր տնօրէնը գտնում է, որ, առաջիկայ երեք տարիներին Հայաստանում ֆինանսական միջազգային ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար մասնաւոր հատուածը եւ պետութիւնը պէտք է մշակեն ռազմավարութիւն` միջոցառումների ցանկով, ինչպէս արուել է մի շարք երկրներում: Նման քայլի ձեռնարկմանն է նուիրուած լինելու դեկտեմբերի 5-7-ին Դիլիջանում անցկացուելիք Հայաստանի ՏՏ ոլորտի ղեկավարների «առանց փողկապների» հանդիպման օրակարգի հարցերից մէկը: Միջոցառման ժամանակ կքննարկուեն նաեւ երկրի ՏՏ ոլորտի ու հարկային եւ մաքսային ծառայութիւնների յարաբերութիւնների հարցերը, որտեղ, ըստ Կ.Վարդանեանի, բարեփոխումների դանդաղում է նկատւում: Բացի այդ, կքննարկուի ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման զարգացման խնդիրը` շվեդական «Էրիքսոն» ընկերութեան պատուիրակութեան մասնակցութեամբ: Նախատեսւում է Վրաստանի ներկայացուցիչների մասնակցութեամբ քննարկել Հայաստանում էլեկտրոնային վճարումների համակարգերի զարգացման գործում այդ երկրի կուտակած փորձի կիրառման հնարաւորութիւնը. Վրաստանում էլ.վճարումների տարեկան ծաւալը հասնում է 20 մլն դոլարի: Կ.Վարդանեանը յայտնեց, որ սա Հայաստանի ՏՏ ոլորտի ղեկավարների «առանց փողկապների» առաջին հանդիպումն է, որն անցնելու է արտերկրի ընկերութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Նախորդ 7-8 հանդիպումներն ունեցել են 60-100 մասնակիցներ:
  -   Տնտեսութիւն