ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ<br /> ՏՈՒԵԱԼՆԵՐՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՆՈՒԱԶՈՒՄ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ
ՏՈՒԵԱԼՆԵՐՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՆՈՒԱԶՈՒՄ

  • 20-11-2008 22:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի մոնիտորինգը օգոստոսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատուածում որոշ ապրանքատեսակների գների նուազում է արձանագրել: Ըստ յանձնաժողովի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, մոնիտորինգի արդիւնքների համաձայն, սկսած հոկտեմբերի կէսերից, ալիւրի, հացի, ձեթի, բրնձի, բենզինի եւ դիզվառելիքի գները նուազել են: Սոցիալական նշանակութեան միւս ապրանքների` շաքարաւազ, կարագ, ձու, պանիր, սուրճ եւ այլն, գները, բացի կաթնամթերքի եւ մսամթերքի որոշ տեսակներից, մնացել են անփոփոխ: Մասնաւորապէս, բարձր տեսակի ալիւրի 50 կիլոգրամանոց պարկը, որն օգոստոսին վաճառւում էր 12 700 - 13 500 դրամով, նոյեմբերին իրացւում է 10 000 դրամով (1 կգ = 200 դրամ), գնի նուազումը կազմել է 22-25,9 տոկոս: Երկարավուն բրնձի 1 կիլոգրամն իրացւում է 350-600 դրամով` օգոստոսի 400-700 դրամի դիմաց: Ցորենի եւ ալիւրի գների նուազմանը հետեւել է հացի գների նուազումը մօտ 20 տոկոսով: Ռուսական ձեթի 1 լիտրն իրացւում է 800-900 դրամով` օգոստոսի 850-1000 դրամի դիմաց: Սակայն, համաձայն նախնական վերլուծութեան, ձեթի եւ կարագի գների նուազման տեմպը համահունչ չէ միջազգայինին: Միջազգային շուկայում, օրինակ, ձեթի գինը նուազել է 37 տոկոսով, իսկ Հայաստանում` ընդամէնը 6-10 տոկոսով: Հայաստանում բենզինի գները նոյեմբերին օգոստոսի համեմատ նուազել են 23-25 տոկոսով. նոյեմբերին «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն իրացւում է 310, «պրեմիումը»` 330, «սուպերը»` 360 դրամով: Օգոստոսին դրանց գները, համապատասխանաբար, հետեւեալն էին` 410, 440 եւ 470 դրամ: Միջազգային շուկաներում բենզինի գնի նուազումը կազմել է 1,3-7,6 տոկոս: Դիզվառելիքի գինը Հայաստանում նուազել է 26 տոկոսով (410/310): Յանձնաժողովը դրական է գնահատել այն փաստը, որ, ի տարբերութիւն նախորդ տարիների, երբ նախատօնական շրջանում պահանջարկի մեծացման պատրուակով առեւտրային օբյեկտները իրացւող ապրանքների գները կտրուկ բարձրացնում էին, այս տարի գների համամասնական կայունութիւն է պահպանւում, իսկ որոշ տնտեսվարողների կողմից նաեւ գների նկատելի իջեցման ակցիաներ են կազմակերպւում:
  -   Տնտեսութիւն