ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2009 Թ.-Ի ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ<br /> ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2009 Թ.-Ի ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

  • 11-11-2008 20:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարութեան հեղինակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխութիւններ եւ լրացում է կատարւում «Նուազագոյն ամսական աշխատավարձի մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրէնքներում, նաեւ Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում: Ըստ այդմ, 2009թ. յունվարի 1-ից նախատեսւում է նուազագոյն ամսական աշխատավարձի չափը եւ համախառն եկամտից անձնական նուազեցման չափը սահմանել 30 հազար դրամ` ներկայիս 25 հազարի փոխարէն: Ըստ հիմնական զեկուցողի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսեանի, նուազագոյն ամսական աշխատավարձի չափը սահմանուել է համաձայն ՀՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկէտ ծախսերի ծրագրի: Այդ չափը տարածվելու է եւ պետական, եւ մասնաւոր համակարգերում աշխատողների վրայ: Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութիւնը դեռեւս նախորդ տարի հանդէս էր եկել նուազագոյն աշխատավարձի չափը 40 հազար դրամ սահմանելու առաջարկութեամբ, եւ, ինչպէս խմբակցութեան անունից յայտարարեց պատգամաւոր Արա Նռանեանը, այս անգամ եւս պնդելու է իր առաջարկը: Նա զարմանալի համարեց այն, որ կառավարութիւնը նուազագոյն ամսական աշխատավարձի չափը սահմանում է համաձայն միջնաժամկէտ ծախսերի ծրագրի, որի բոլոր ցուցանիշները, բացառութեամբ աշխատավարձի, վերջին տարիներին աճել են:
  -   Տնտեսութիւն