«Նորավանք». «Երկիր» միութեան գիտահետազօտական արշավախումբը ուսումնասիրութիւններ է կատարել Համշենում եւ Դերսիմում


«Նորավանք». «Երկիր» միութեան գիտահետազօտական արշավախումբը ուսումնասիրութիւններ է կատարել Համշենում եւ Դերսիմում

  • 31-08-2011 10:01:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Երկիր» միութեան «Վան» նախագծի շրջանակներում ձեւաւորուած գիտահետազօտական արշավախումբը 2011թ. յուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել եւ ուսումնասիրութիւններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները («Վան» նախագիծ» խումբ, գեղարուեստական ղեկավար` Նորայր Քարտաշեան) գիտարշաւի շրջանակներում մասնակցել են Արգոււանի երաժշտական փառատօնին (յուլիսի 24), ինչպէս նաեւ Մնձուրի բնութեան եւ մշակոյթի փառատօնին` ելոյթ ունենալով Դերսիմի Օւաջըկ (յուլիսի 29) եւ Խոզաթ (յուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին: Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկուած առանձին հետազօտական խումբը, ազգագրագէտ Հրանոյշ Խառատեանի եւ արեւելագէտ Անոյշ Յովհաննիսեանի մասնակցութեամբ, դաշտային ազգագրական հետազօտութիւններ է կատարել դերսիմցիների շրջանում` հաւաքելով ազգագրական բնոյթի հարուստ նիւթ: Արշավախմբի կողմից կատարած դաշտային հետազօտութիւնների ընթացքում. -Ուսումնասիրուել են տեղական բնակչութեան աւանդական նուագարանները, գտեսագրուել են աւանդական երգերն ու պարերը, -Տեսագրուել եւ/կամ գրի են առնուել վիպական բանարուեստի տեսակների (առասպել, հեքիաթ, աւանդազրոյց, գուշակութիւն, անէծք եւ օրհնանք, աղօթք եւ այլն) մի շարք նմուշներ, -Տեսագրուել եւ/կամ գրի են առնուել էթնիկ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան այլ դրսեւորումներ: Գիտարշաւն իրականացուել է Ֆրանսիայի Ռոն-ալպ շրջանի իշխանութիւնների եւ ,ֆինեկոէ կազմակերպութեան (http://www.fineco.fr) ֆինանսական աջակցութեամբ, ինչպէս նաեւ թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակութեամբ: «Երկիր» միութեան կողմից իրականացուող «Վան» նախագծի հիմնական նպատակներն են. -Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս` Հայկական բարձրաւանդակի եւ Սեւծովեան աւազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչութեան մօտ բնիկ ինքնութեան պահպանմանը նպաստելը, -Հայկական բարձրաւանդակի եւ Սեւծովեան աւազանի տարածքում ապրող էթնիկ խմբերի եւ Հայաստանի բնակչութեան միջեւ միջմշակութային կապերի հաստատումն ու զարգացումը, համատեղ արտայայտուելու հնարաւորութիւնների ստեղծումը, -Հայկական բարձրաւանդակի եւ Սեւծովեան աւազանի աւանդական երաժշտութեան եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան այլ ճիւղերի ուսումնասիրութիւնը, դրանում առկայ հայկական շերտի վերհանումը, -Հայկական բարձրաւանդակի եւ Սեւծովեան աւազանի տարածքի հայկական աւանդական ժառանգութեան ներկայացմանն ու պրոպագանդմանն ուղղուած միջոցառումների իրականացումը:
  -   Հասարակութիւն