Իրաւապաշտպաններն անհանգստացած են հայկական բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտով<br />


Իրաւապաշտպաններն անհանգստացած են հայկական բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտով

  • 06-09-2011 13:21:18   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հայաստանեան մի շարք իրաւապաշտպան հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ սեպտեմբերի 6-ին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ ներկայացնելով իրենց գնահատականը հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերեալ։ Յայտարարութիւնում ասուած է. «Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացման ընթացքում, Արցախեան պատերազմի զինադադարի կնքումից յետոյ հայկական բանակն անցել է զարգացման դժուարին ուղի: Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած եւ այսօրուայ օլիգարխիկ իշխանութեան արատներով պայմանաւորուած ոչ կանոնադրային քրէական յարաբերութիւնների մոդելը: Վերջինիս հետեւանքով բռնութեան, խոշտանգումների ու սպանութեան են ենթարկւում Հայաստանի Հանրապետութեան բազմաթիւ երիտասարդներ: Միայն 2008-2011 թուականների ընթացքում զինուած ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիւը պաշտօնական տուեալներով հասնում է 187-ի, որից ընդամէնը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտօնական տուեալներով, տարբեր փորձագէտների գնահատմամբ, 1994թ թուականից ի վեր հայկական բանակում զոհուել է աւելի քան 1500 երիտասարդ: Զինծառայողների մահուան դէպքերի առիթով յարուցուած քրէական գործերի քննութիւնները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացայայտւում, իսկ սպանութիւնները, որպէս կանոն, որակւում են որպէս ինքնասպանութիւն: Սպանուած տղաների ծնողների իրաւունքները յաճախ անտեսւում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից: Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրան հետեւող անպատժելիութիւնը յանգեցնում են յանցագործութիւնների թուի աճի եւ բնակչութեան լայն զանգուածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիւ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտաւորութիւնից կամ զարտուղի ճանապարհներով "ապահովել" նրանց անվտանգութիւնը, միւս կողմից` նպաստում է արտագաղթին: Մենք, ներքոյիշեալ իրաւապաշտպան հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներս` արտայայտում ենք մեր խորը մտահոգութիւնը հայկական բանակում տիրող իրավիճակով եւ հիասթափութիւնը իշխանութիւնների անպատասխանատու վարքագծից. անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնութիւնն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականութիւնը` ինչպէս հրամանատարական կազմի, այնպէս էլ` քննչական մարմինների եւ արդարադատութեան կառոյցների կողմից. գնահատում ենք ՀՀ զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանի կողմից նշուած խնդրի վերաբերեալ հրապարակային դիրքորոշման բացակայութիւնը որպէս գլխաւոր գերագոյն հրամանատարի սեփական դերի թիւր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերութեան եւ/կամ հովանաւորչութեան հետեւանք: Պահանջում ենք ՀՀ գլխաւոր գերագոյն հրամանատարից անյապաղ ապահովել` 1994 թուականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառուած բռնութիւնների ու մահուան դէպքերի, այդ թւում` սպանութիւնների եւ ինքնասպանութիւնների, քրէական գործերի վարոյթների մանրակրկիտ ուսումնասիրութեան կազմակերպումը` վեր հանելու նախաքննութիւն եւ դատաքննութիւն իրականացնող մարմինների կողմից թոյլ տրուած բացթողումներն ու օրինախախտումները` ներգրաւելով անկախ փորձագէտների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների. երաշխիքներ` քրէական պատասխանատուութեան ենթարկելու բոլոր այն պաշտօնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատուութիւն են կրել քրէական գործերի քննութեան ընթացքի եւ անօրինականութիւնների համար. զինուած ուժերի շարքերում ոչ կանոնադրային յարաբերութիւնները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղութեամբ կոնկրէտ միջոցառումների ձեռնարկումը` հանդէս գալով օրէնսդրական առաջարկութիւններով եւ ներգրաւելով շահագրգիռ հասարակայնութեան ներկայացուցիչներին. հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառուած բարոյական եւ նիւթական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիւ փոխհատուցումը: Վերոնշեալ միջոցառումների ուղղութեամբ շուտափոյթ` մէկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղաւոր եւ հովանաւոր ենք համարում ՀՀ գլխաւոր գերագոյն հրամանատար Սերժ Սարգսեանին եւ պահանջում նրա հրաժարականը»: Յայտարարութիւնը ստորագրել են Արթուր Սաքունցը («Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակ» Հկ), Աւետիք Իշխանեանը («Հայաստանի հելսինկեան կոմիտէ» Հկ), Նատալեայ Մարտիրոսեանը («Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի հայաստանեան գրասենեակ» Հկ), Ժաննա Ալեքսանեանեանը («Լրագրողները յանուն մարդու իրաւունքների» Հկ), Սեդա Մելիքեանը («Փաստաբանները յանուն մարդու իրաւունքների Հկ), Լեւոն Բարսեղեանը («Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ» Հկ), Սոնա Այվազեանը («Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» Հկ), Իզաբելլա Սարգսեանը («Երիտասարդութիւնը յանուն ժողովրդավարութեան» Հկ), Լալա Ասլիկեանը («Յոյս» Հկ) եւ Լեւոն Ներսիսեանը («Ա.Դ. Սախարովի անուան մարդու իրաւունքների պաշտպանութեան կենտրոն» Հկ)։
  -   Մարդու իրաւունքներ