Րաֆֆի Յովհաննիսեանը հանդիպել է «Պահանջում ենք գիտութեան ֆինանսաւորման աւելացում» ֆեյսբուքեան խմբի ներկայացուցիչների հետ<br /> <br />


Րաֆֆի Յովհաննիսեանը հանդիպել է «Պահանջում ենք գիտութեան ֆինանսաւորման աւելացում» ֆեյսբուքեան խմբի ներկայացուցիչների հետ

  • 06-09-2011 16:52:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահ Րաֆֆի Յովհաննիսեանը, վարչութեան անդամներն ու խմբակցութեան պատգամաւորները հանդիպեցին «Պահանջում ենք գիտութեան ֆինանսաւորման աւելացում» ֆեյսբուքեան խմբի հինգ ներկայացուցիչների, այդ թւում` ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանեանի, ԱՐՄԱԿԱԴ ցանցի համակարգող Խաչիկ Գէորգեանի եւ մի քանի երիտասարդ գիտնականների հետ: Վերջինները ներկայացրեցին գիտութեան ֆինանսաւորման աւելացմանը վերաբերող նոր առաջարկներ, որոնք պատրաստւում են ներկայացնել նաեւ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամին: «Ժառանգութեան» ներկայացուցիչները ողջունեցին ֆեյսբուքեան այս նախաձեռնութեան ակտիւ գործունէութիւնը, ինչպէս նաեւ իրենց պատրաստականութիւնը յայտնեցին հետեւողականօրէն աջակցել խմբին` իրենց պահանջների իրականացման հարցում, նաեւ շարունակել պայքարը գիտութեան ֆինանսաւորումը արդէն 2012թ. բիւջէում 3%-ի հասցնելու ուղղութեամբ, ինչը նաեւ ներառուած է կուսակցութեան 2007թ. նախընտրական ծրագրում, եւ այդ հարցում համագործակցել հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի հետ: Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան, «Պահանջում ենք գիտութեան ֆինանսաւորման աւելացում» նախաձեռնութեան ֆեյսբուքեան էջում տեղադրուած են բազմաթիւ կոնկրէտ առաջարկութիւններ` ուղղուած գիտութեան ֆինանսաւորման մեղանիզմների արդիւնաւէտութիւնը բարձրացնելուն, գիտութեան ներսում ֆինանսական հոսքերի կառավարման նոր մեթոդների ներդրմանը եւ գիտական արտադրանքի գնահատման նոր չափորոշիչների կիրառմանը։ Դրանց կարելի է ծանօթանալ հետեւեալ հասցէով. http://www.facebook.com/messages/?action=read&tid=id.141501002593350#!/science.and.finance?sk=notes:
  -   Հասարակութիւն