Սեպտեմբերի 6-ին, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցաւ Կարին Յովհաննիսեանի «Գերդաստան ստուերաց» գրքի շնորհանդէսը: Այն թարգմանաբար տպագրուել է «Տիգրան Մեծ» հրատարակչութիւնում, թարգմանիչը Սամուէլ Մկրտչեանն է:
Շնորհանդէսը բացեց ու ներկաներին ողջունեց Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը: Ելոյթ ունեցան Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, թարգմանիչ Սամուէլ Մկրտչեանը, հեղինակի հայրը` Րաֆֆի Յովհաննիսեանը, ով գրքի հերոսներից մէկն է: Առանձին յուզիչ դրուագների շարադրմամբ` երեկոն եզրափակեց Կարին Յովհաննիսեանը:
,գերդաստան Ստուերացե-ում պատկերուած է գերդաստանի երեք սերունդների կեանքը իրենց ապրած պատմական ժամանակաշրջանի բովում: Կարինի մեծ պապը` Գասպարը, կորցրեց հայրենիքը, իր Բազմաշեն գիւղը Արեւմտեան Հայաստանի Խարբերդի նահանգում, ականատեսը եղաւ ահաւոր Եղեռնի հազարաւոր զոհերի եւ չարագործութիւնների, զինուորագրուեց ցասման ու վրէժի պայքարին: Պապը` Ռիչարդը, ծնուելով Կ'ալիֆոռնիայի նահանգի Տուլարի փոքրիկ քաղաքում, թողեց հօր ագարակը` ժամանակի փորձութիւններից եւ ժխտման ուժերի ոտնձգութիւններից պաշտպանելու կորուսեալ Էրգրի պատմութիւնը: Իսկ Միացեալ Նահանգների հանգիստ ու բարեյարմար պայմաններում մեծացած, համակողմանի փայլուն կրթութիւն ստացած Րաֆֆին նախընտրեց վերադառնալ մայր Հայրենիք:
Կարինը գրում է.
«Իմ գերդաստանի պատմութիւնը երեք տղամարդկանց պատմութեան մասին էր, ովքեր լքել էին. սա էր իմ առաջին յայտնաբերութիւնը: Իմ մեծ պապը լքել էր իր հայրենիքի աւերակները: Իմ պապը լքել էր իր հօր ագարակը: Հայրս լքել էր ամերիկեան կեանքի հրաշալիքները: Իմ գերդաստանի պատմութիւնն, ըստ իս, անառակ որդոց մասին էր, այսինքն` տղամարդկանց, ովքեր իրենք էին տիրապետել իրենց ճակատագիրը»:
«Գերդաստան ստուերաց»-ը կարելի է ձեռք բերել գրախանութներում: Գրքի հասոյթը կը տրամադրուի ,օրրանէ բարեգործական կազմակերպութեանը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոն` Երեւան, Երզնկեան 75, հեռախօս` (37410) 528-780 կամ 274-818, էլ. փոստ` info@acnis.am: