Յարութ Սասունեան.Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին գիրքը նախազգուշացնում է արաբներին չհաւատալ թուրքերի բարեկամութեանը


Յարութ Սասունեան.Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին գիրքը նախազգուշացնում է արաբներին չհաւատալ թուրքերի բարեկամութեանը

  • 14-09-2011 12:33:03   | ԱՄՆ  |  Յօդուածներ

  Անցեալ շաբաթ ես պատիւ ունեցայ ներկայ գտնուել Բէյրութում Լիբանանի Հայ դատի յանձնախմբի կողմից հովանաւորուող յատուկ միջոցառմանը, որը նուիրուած էր իմ արաբերէն նոր գրքի հրատարակմանը` «հայ-թուրքական արձանագրութիւններ. Ճշմարտութիւ՞ն, թէ խաբէութիւնէ՞: Գիրքն այն 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էի վիճահարոյց արձանագրութիւնների մասին «կալիֆորնիայ Կ'ուրիերէ թերթում:     Հդհ-ի ներկայացուցիչներից Ջորջ Սաբունջեանի ողջոյնի խօսքերից յետոյ, Դամասկոսից գրքի թարգմանիչ դոկտոր Նորա Արիսեանն իր ելոյթում յայտարարեց, որ Սասունեանի խմբագրականները բացայայտում են Թուրքիայի կառավարութեան կեղծ մտադրութիւնը: Նա յիշեցրեց լսարանին, որ հեղինակը ճշգրտօրէն կանխատեսել էր բանակցութիւնների հէնց սկզբում, որ Թուրքիան չի պահի արձանագրութիւնները վաւերացնելու եւ Հայաստանի շրջափակումը վերացնելու իր խոստումը:   Դոկտոր Արիսեանից յետոյ ելոյթ ունեցաւ վետերան, Լիբանանի նախարար Միշել Էդդեն, ով գրքի համար գրել էր երկարաշունչ եւ խորիմաստ առաջաբան: Պարոն Էդդեն իր բազմամեայ ու վաստակաւոր աշխատանքային ասպարէզում զբաղեցրել է հինգ նախարարական պաշտօններ Լիբանանի տարբեր կառավարութիւններում: Իր խօսքում, կարկառուն նախարարը գովաբանեց հեղինակի վերլուծական խմբագրականները, գովեստի խօսքեր ուղղեց Լիբանանի հայկական համայնքին երկրի զարգացման գործում իր ակտիւ դերակատարման համար եւ մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանութիւնը մերժելու համար: Իր ելոյթի վերջում նախարար Էդդեն անակնկալ մի յայտարարութիւն արեց` անձամբ նուիրելով  25,000 ԱՄՆ դոլար Լիբանանի Հդհ-ին:   Երեկոյի ելոյթներն արաբերէն լեզուով էին` հաշուի առնելով այն հանգամանքը, որ լսարանում ներկայ էին արաբ հիւրեր եւ գիրքը հասցէագրուած էր արաբ ղեկավարներին եւ զանգուածներին: Ես էլ իմ խօսքի մի մասը արաբերէնով արտասանեցի: Զարմանալիօրէն, ես դեռ յիշում էի արաբերէնը, որը սովորել էի աւելի քան 40 տարի առաջ Բէյրութի Սոֆեայ Յակոբեան վարժարանում:   Ես յիշեցրեցի ներկաներին, որ Թուրքիայի կառավարութեան իրական մտադրութիւնը արձանագրութիւնների շահարկելն էր Հայաստանի վրայ ճնշում գործադրելու նպատակով, որպէսզի վերջինս հրաժարուի Հայոց ցեղասպանութիւնը միջազգային ճանաչումը հետապնդելուց եւ խաղաղ բանակցութիւնների տպաւորութիւն ստեղծելով, զգուշացնել միւս երկրներներին, մասնաւորապէս Միացեալ Նահանգներին, որ եթէ ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը, դրանով կը խոչընդոտեն այս շինծու հաշտեցումը եւ նոր ձեւաւորուող յարաբերութիւնները:     Աւելին, Թուրքիան ցանկանում էր, որ Հայաստանը վերադարձնի Արցախը Ադրբեջանի տիրապետութեանը,  ետ կանգնի Թուրքիայի կողմից բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի պահանջից, ինչպէս նաեւ փորձում էր թուլացնել հայկական համընդհանուր միասնականութիւնը` բաժանելով սփիւռքին հայրենիքից:   Յամառօրէն հետապնդելով Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու իր նպատակը` Թուրքիայի կառավարութիւնը շարունակեց մերժել արձանագրութիւնների վաւերացումը, որը ստորագրել էր երկու տարի առաջ: Չկարողանալով հասնել իր նպատակներին` Թուրքիայի պառլամենտը անցեալ ամիս վերջնական մի քայլ ձեռնարկեց արձանագրութիւնների դէմ` հանելով դրանք իր օրակարգից` բերելով տեխնիկական պատճառաբանութիւններ:    Հայ-թուրքական արձանագրութիւնների այս ձախողուած փորձը յստակ ցոյց է տալիս, որ Թուրքիան աւելի շահագրգռուած է դիւանագիտական խաղեր խաղալ եւ կեղծ տպաւորութիւն ստեղծել, քան խաղաղ համագոյակցութեան ձգտել: Թուրքիայի պարտաւորութիւնները չեն կարող լուրջ ընդունուել, իսկ միջազգային պայմանագրերի վրայ դրուած Թուրքիայի ղեկավարների ստորագրութիւնները ոչ մի արժէք չունեն:    Իմ խօսքում ես մատնանշեցի, որ թուրք առաջնոդները հանդէս էին գալիս որպէս պաղեստինցիների պաշտպան եւ բոլոր արաբների ու մուսուլմանների աջակից, մինչդեռ շարունակում են մնալ Իսրայէլի ռազմավարական գործընկերը եւ ծածուկ ձեւով նրա հետ կիսւում է արաբական երկրների առաւել զգայուն ռազմական գաղտնիքները:    Իմ կարծիքով, պաղեստինցիներին եւ ընդհանրապէս արաբներին հարկաւոր չէ Թուրքիայի նոր Օսմանեան ղեկավարների կեղծ բարեկամութիւնը: Արաբները պէտք է պահանջէն, որ իրենց սեփական ղեկավարները, եւ ոչ թէ օտարերկրեայ  կեղծաւոր առաջնորդները, պաշտպանեն իրենց ազգային շահերը:    Մենք վերջերս ականատես եղանք, թէ ինչպէս էր Թուրքիան սատարում  եգիպտոսում եւ Լիբիայում տիրող բռնապետական ռեժիմներին, մինչ վերջին պահը, երբ այդ երկրների բռնապետերն  տապալուեցին: Սա իրական բարեկամութիւն չէ: Սա կոշտ օպորտունիզմ է:    Քանի որ արաբները եւ հայերը երկուսն էլ կրել են սարսափելի տառապանքներ ու դաժանութիւններ Օսմանեան լծի տակ, նրանց չի կարելի հեշտութեամբ յիմարացնել կեղծաւոր թուրքերի բարեկամական ժեստերով: Հայոց ցեղասպանութիւնը վերապրածները օգտուել են արաբների հիւրընկալութիւնից ամբողջ Մերձաւոր Արեւելքում եւ երախտապարտ են դրա համար: Առանց նման մարդասիրական միջամտութեան շատ աւելի հայեր կը զոհուէին:    Ելոյթի վերջում ես իմ երախտագիտութիւնը յայտնեցի նախարար Միշել Էդդէին իմ գրքի համար ոգեշնչող առաջաբան գրելու համար, դոկտոր Նորա Արիսեանին, ով երկար ժամեր է hատկացրել այս, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան մասին իմ նախորդ գիրքը անգլերէնից արաբերէն թարգմանելու համար: Ես շնորհակալութիւն յայտնեցի նաեւ Լիբանանի Հայ դատի յանձնախմբին երեկոյի ծրագիրը «ազդակէ թերթի Փիւնիկ սրահում անցկացնելու համար, ինչպէս նաեւ «համազգայինէ տպագրատանը` գիրքը հրապարակելու համար: Ես առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեցի բարերար Գաբրիէլ Չեմբերջեանին եւ նրա Փիւնիկ հիմնադրամին իմ գրքի թարգմանութիւնը եւ հրատարակութիւնը հովանաւորելու համար: Ծրագրի վերջում, գրքի մակագրուած օրինակները բաժանուեցին հիւրերին:    Յարութ Սասունեան «կալիֆորնիայ Կ'ուրիերէ թերթի խմբագիր Թարգմանիչ` Կ'արինէ Գեւորգեան    
  -   Յօդուածներ