Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Նիւ-Եօրքում
24-09-2011 09:48:49 | ԱՄՆ | Քաղաքական
Սեպտեմբերի 23-ին Հանրապետութեան Նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում Նիւ-Եօրքում գտնուող արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը շարունակեց իր հանդիպումները:
Նախարար Նալբանդեանը հանդիպում ունեցաւ Հարաւային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եւրոպական միութեան յատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշաւայում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Տարածաշրջանային հակամարտութիւնների քննարկման ենթատեքստում Էդուարդ Նալբանդեանը ողջունեց ԵՄ պատրաստակամութիւնը առաւել աջակցելու արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրուող ջանքերին:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի յաջորդ հանդիպումը Միացեալ Նահանգների փոխպէտքարտուղար Ուիլեամ Բըրնսի հետ էր:
Հանդիպմանը քննարկուեցին հայ-ամերիկեան բարեկամական գործընկերութեան զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդեանն ու փոխպէտքարտուղար Բըրնսը մտքէր փոխանակեցին Հարաւային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդուարդ Նալբանդեանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրաւուածութիւնը եւ գործունէութիւնը` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: