Լեւոն Զուրաբեան. Սա Հայ ազգային կոնգրէսի պայքարը չէ, սա համազգային խնդիր է
30-09-2011 21:40:52 | Հայաստան | Քաղաքական
«Այս իշխանութեան ոչ լեգիտիմութեան լաւագոյն ապացոյցներից մէկն այն է, որ 3.5 տարի շարունակ ճանապարհները փակում էն: Դա նշանակում է, որ այս ռեժիմը վախենում է սեփական ժողովրդից եւ կարող է կառավարել միայն անվտագութեան եւ ոստիկանութեան բռնաճնշումների միջոցով»,- սեպտեմբերի 30-ի հանրահաւաքում յայտարարել է Հայ ազգային կոնգրէսի համակարգող Լեւոն Զուրաբեանը:
Ելոյթում նա մասնաւորապէս ասել է.
«Մենք շատ ենք սպասել այս պահին: 2008 թուականի օգոստոսի 1-ին Հայ Ազգային Կոնգրէսի ստեղծման հռչակագրում հրապարակուեց դէպի ժողովրդավարութիւն անցման մեր առաջարկած ճանապարհային քարտէզը.
-հանրահաւաքների եւ երթերի ազատութեան, ներառեալ Ազատութեան հրապարակում հանրահաւաքներ ացկացնելու իրաւունքի վերականգնում
- քաղբանտարկեալների ազատութիւն
- դրանից յետոյ երկխօսութիւն իշխանութիւնների հետ
- եւ վերջապէս, Հայաստանում ժողովրդի կողմից օրինականօրէն ընտրուած եւ նրա առջեւ հաշուետու իշխանութեան ձեւաւորում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների միջոցով:
Այսօր վերջապէս եկել է այն պահը, երբ մենք պէտք է իրագործենք այս ճանապարհային քարտէզի վերջին եւ միգուցէ ամենակարեւոր հատուածը: Մենք շատ ենք սպասել այս պատմական պահին: Սպասել ենք, որովհետեւ առանց հաւաքների իրաւունքի լիարժէք վերականգնման հնարաւոր չէր ապահովել ժողովրդի` Սահմանադրութեամբ նախատեսուած ճնշումների ամբողջ զինանոցը: Սպասել ենք, որովհետեւ մինչեւ մեր ընկերները գտնւում էին բանտերում, նրանք իրականում այս իշխանութիւնների պատանդներն էին, եւ մեր ձեռքերը ինչ-որ տեղ կապուած էին: Յետոյ սպասել ենք, քանի որ իշխանութիւնները պատրաստակամութիւն էին յայտնել լուծել ժողովրդի պահանջները բանակցութիւնների միջոցով: Այդ հնարաւորութիւնն էլ, սեպտեմբերի 30-ին այլեւս կարելի է սպառուած համարել: Ուստի այլեւս մենք սպասելու ոչինչ չունենք, եւ մեր առաջնային նպատակը, որի համար ամբողջ ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի, դառնում է Հայաստանում շուտափոյթ կերպով լեգիտիմ իշխանութեան ձեւաւորումը:
Ցանկանում եմ անդրադառնալ այս կապակցութեամբ մէկ կարեւոր հարցի: Քանի որ մենք շարունակ խօսում ենք օրինակարգ իշխանութեան ձեւաւորման եւ արտահերթ ընտրութիւնների մասին, շատերի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծուի, որ մենք դնում ենք զուտ իշխանութեան հարց: Իրականում խնդիրը բոլորովին այլ է: Հայաստանում հաստատուել է քրէա-օլիգարխիք մի կեղեքիչ համակարգ, որի միակ նպատակն է մի քանի իշխանաւոր օլիգարխների հարստացումը իրաւազուրկ ժողովրդի հաշուին: Այդ մի քանի իշխանաւոր օլիգարխները բառիս բուն իմաստով ժողովրդի ձեռքից առեւանգել էն պետական կառավարման մեքենան, եւ, հաստատելով ապօրինի մոնոպոլիաներ եւ հարկային եւ մաքսային արտօնութիւններ, ամբողջութեամբ ենթարկեցրել այն սեփական գերշահոյթների ապահովման նպատակին: Նրանք ոչնչացրել էն տնտեսական մրցակցութիւնը, խլել այլոց սեփականութիւնը: Ըստ էութեան, թոյլ չէն տալիս ժողովուրդն ինքնուրոյն ստեղծագործի եւ աշխատի: Սա է տնտեսական անկման, թանկացումների, համատարած աղքատութեան եւ բարոյազրկման եւ այդ ամէնից բխող արտագաղթի հիմնական պատճառը: Այս փչացած, ճորտատիրական համակարգը բաւականին խոր արմատներ է տարածել, ամէն օլիգարխի շուրջ ստեղծելով փոքր մի պետութիւն պետութեան մէջ, իր սափրագլուխների բանդաներով, գաղտնալսող անվտագութեան ծառայութիւններով, մարդկանց ահաբեկելու եւ ստորացնելու հնարաւորութիւններով: Այս հակապետական եւ հակաժողովրդական համակարգը ջարդելու համար անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը, սոցիալական բոլոր շերտերը ոտքի կանգնէն: Յաջողութեան հասնելու միակ երաշխիքը զանգուածային դեմոկրատական շարժումն է, որում կհամախմբուէն հասարակութեան բոլոր առողջ ուժերը:
Այս է մեր պայքարի իմաստը: Մենք այսօր ունենք այդ պատմական գործը կատարելու բացառիկ շանս եւ չունենք այդ շանսը կորցնելու որեւէ բարոյական իրաւունք: Սա Հայ Ազգային Կոնգրէսի պայքարը չէ, սա համազգային խնդիր է: Ուստի մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր միգուցէ եւ չէն համակրում Հայ Ազգային Կոնգրէսին, բայց տեսնում էն այս չարիքի յաղթահարման անհրաժեշտութիւնը, մի կողմ դնել քաղաքական հակասութիւնները եւ միանալ այստեղ հաւաքուած ժողովրդին: Զանգահարէք ձեր ընկերներին եւ ծանօթներին: Մենք այսօր ազգովին որոշումներ ունենք կայացնելու, որոնք կատարեալ յստակութիւն էն մտցնելու մեր անելիքների մէջ: Կոչ եմ անում բոլոր նրանց, ով դեռ հրապարակում չէ, կամ, լինելով Երեւանում, դիտում է մեր հանրահաւաքն օնլայն, անմիջապէս միանալ մեր հանրահաւաքին` պատմական այս գործընթացին անմիջական մասնակից դառնալու համար»: