Իրանի անվտանգութեան ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալուել Սպահանում
03-10-2011 13:20:24 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Արաքս» շաբաթաթերթ
Թեհրան, 03.10
Ոչ պաշտօնական տեղեկութիւնների համաձայն, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցութեամբ, Իրանի անվտանգութեան ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալուել Սպահանում:
Առայժմ ոչ մի տեղեկութիւն չկայ, թէ արդեօ՞ք այս կապակցութեամբ դիմում կատարուել է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու թէ ոչ: Անյայտ է նաեւ, թէ արդեօ՞ք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիւ որոշակի քայլերի դիմել է թէ ոչ:
Նոր Ջուղայում տարածուող լուրերի համաձայն` ձերբակալուած կասկածեալների թիւը հինգ հոգի է, իսկ աւելի հաւաստի աղբիւրները միայն երկու հոգու մասին են խօսում, ընդորում մէկը կին: Նոյն աղբիւրի ասութեամբ այս պահին մեղադրուողները, մէկ միլիարդ ռիալ (մօտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց, գտնւում են ազատութեան մէջ:
Այսօրուայ դրութեամբ դեռ պարզ չէ նաեւ, թէ կողոպտուած թանգարանային իրերը ուր են կամ գտնուել են թէ ոչ: Սակայն ասւում է, որ ըստ երեւոյթի սրբապատկերները երկրից դուրս չեն տարուել, «Այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրուել «Ավարի» արժէքը ճշտելու համար»:
Սհթ Թեմական խորհուրդը ցայսօր պաշտօնական ոչ մի տեղեկատուութիւն չի հրապարակուել ձերբակալութիւնների կապակցութեամբ եւ շարունակում է լռել: