ՀՀ իշխանութիւններին կոչ է արւում ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց գործերի վերանայման նախադէպի ինստիտուտ


ՀՀ իշխանութիւններին կոչ է արւում ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց գործերի վերանայման նախադէպի ինստիտուտ

  • 03-06-2011 19:17:21   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հայաստանի Հելսինկեան կոմիտէի կազմակերպած <Ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց խնդիրները Հայաստանում> թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակութեան շուրջ 30 ներկայացուցչների կողմից ստորագրուեց ՀՀ իշխանութեանն ուղղուած յայտարարութիւն, որում ասուած է. «Հայաստանի Հանրապետութեան դատաիրաւական համակարգն արդէն 19 տարի բարեփոխումների է ենթարկւում: Սակայն նոյն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական <կենսագրութեան> մէջ չկայ ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց գործերի վերանայման նախադէպ: Դատական սխալների հաւանականութիւնն ընդունում են աշխարհի շատ զարգացած երկրներում, որտեղ անընդմէջ կատարելագործւում են դատական ու արդարադատութեան համակարգերը. տասնեակ տարիներ վերաբացւում են ցմահ ազատազրկման դատապարտուած եւ երկարաժամկէտ ազատազրկման մէջ գտնուող անձանց քրէական գործեր: Արդիւնքում` քիչ չեն արդարացմամբ եւ պատժի նուազեցմամբ հանգուցալուծուած դէպքերը: Այսպէս` միայն վերջին տասը տարում Ամն-ում ԴՆԹ թեսթի, ինչպէս նաեւ գործերի վերաբացման արդիւնքում ազատութիւն է ստացել 260 դատապարտեալ, որոնցից 170-ը դատապարտուած է եղել մահապատժի: Քիչ չեն դէպքերը, երբ 20 տարի անազատութեան մէջ գտնուող անձը, ով դատապարտուել էր վկաների ցուցմունքների հիման վրայ, գործի վերաբացմամբ ճանաչուել է բացառապէս անմեղ: Աշխարհի շատ երկրներում, երբ վերացուեց մահապատիժը, հիմնաւորում-նպատակն այն էր, որ երկարաժամկէտ ու ցմահ ազատազրկման դէպքում հնարաւորութիւն է ընձեռնւում վերանայելու դատապարտեալների գործերը: Սակայն Հայաստանում, թէեւ վերացուեց մահապատիժը եւ այն փոխարինուեց ցմահ ազատազրկմամբ, սակայն գործերի վերանայման ինստիտուտ այդպէս էլ չստեղծուեց: Հայաստանում կայ 99 ցմահ ազատազրկման դատապարտուած անձ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտուած անձինք են: Բնականաբար, այս գործերը քննուել են 1991- 2003 թթ.-ը` նորանկախ Հայաստանի գոյութեան առաջին տասնամեակում: Ինչպէս հիմա, այնպէս էլ այն ժամանակ դատաիրաւական համակարգն անկատար էր, եւ այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից` գործնականում խիստ անհաւանական: Սակայն այսօր էլ մեզանում որպէս գործիք չի կիրառւում ո՛չ ԴՆԹ թեսթը, ո՛չ գործերի վերաբացման այլ տարբերակ: Մենք` <Ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց խնդիրները Հայաստանում> կլոր սեղանի մասնակիցներս, կոչ ենք անում ՀՀ իշխանութեանը ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց գործերի վերանայման նախադէպի ինստիտուտ, դրանով իսկ նպաստել արդէն քսան տարի գոյութիւն ունեցող այս Գորդեան հանգոյցի լուծմանը»:
  -   Մարդու իրաւունքներ