ՀՀ վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին


ՀՀ վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին

  • 04-10-2011 15:19:39   | Հայաստան  |  Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 4-ին կառավարութիւնում ընդունել է պաշտօնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ողջունելով հիւրին` վարչապետը համոզմունք է յայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կը հաղորդի երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը` տարբեր ուղղութիւններով: Տիգրան Սարգսեանը նշել է, որ երկկողմ տնտեսական յարաբերութիւնները, մասնաւորապէս ապրանքաշրջանառութեան ծաւալները, չեն համապատասխանում հայ-լիբանանեան բարձր մակարդակի քաղաքական յարաբերութիւնների մակարդակին: «Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաեւ հայ-լիբանանեան յարաբերութիւնների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆիանանսական դաշտում ստեղծուել են բարենպաստ պայմաններ` լիբանանեան ներդրումների համար: Ցաւում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրուած այցելութիւնը Հայաստան չկայացաւ, ուստի վերահաստատում ենք նրա` մեր երկիր այցելութեան հրաւէրը»: Կառավարութեան ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կը կազմակերպուի բիզնես ֆորում, որին կը մասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կը նպաստի հայ-լիբանայեան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան,կողմերը տնտեսական համագործակցութեան հեռանկարային ուղղութիւններ են համարել թեթեւ արդիւնաբերութեան, դեղագործութեան, ոսկեգործութեան, զբօսաշրջութեան բնագաւառները եւ կարեւորել պետական ու մասնաւոր հատուածի համապատասխան կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան ընդլայնումն ու խորացումը: Երկուստէք կարեւորուել է նաեւ հայ-լիբանանեան միջկառավարական յանձնաժողովի նիստերի անցկացումը` առեւտրատնտեսական կապերի ակտիւացման եւ երկու բարեկամ երկրների յարաբերութիւնների խորացման ու ընդլայնման տեսակէտից: Զրուցակիցները յոյս են յայտնել, որ մօտ ապագայում կը վերսկսուեն միջկառավարական յանձնաժողովի աշխատանքները Իր եհրթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կ'այցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խօսքով` տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում եւ հանդիսանում է յուսալի ու ամուր կամուրջ` երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ:
  -   Քաղաքական