Բացուել է Նիկոլ Աղաբաբեանի անհատական ցուցահանդէսը


Բացուել է Նիկոլ Աղաբաբեանի անհատական ցուցահանդէսը

  • 06-10-2011 02:29:41   | Հայաստան  |  Մշակոյթ

Երեւան քաղաքի պատմութեան թանգարանի ցուցասրահում բացուել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբեանի ստեղծագործութիւնների անհատական ցուցահանդէսը` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին: Ներկայացուել են 27 նոր աշխատանքներ` արցախեան պատերազմի եւ խաղաղութեան, Մեծ եղեռնի, ազգային արժէքների ու կրօնի թեմաներով: Արցախեան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբեանը կտաւին է յանձնել «Լոյսի գոյնը» ստեղծագործութիւնը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդէսն է բացել նախ Շուշիում, ապա նաեւ Ստեփանակերտում: «Անկախութիւնն ինձ համար ամէն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գոյները խօսում են միայն իմ դրական յոյզերի մասին: Կարծում եմ, արուեստագէտի հոգու խոհանոցը պէտք չէ ամբողջութեամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից յետոյ : Շնորհակալ եմ քաղաքապետարանին եւ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանին` ցուցահանդէսին աջակցելու համար»,-նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբեանը: Ինչպէս յայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ցուցահանդէսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:
  -   Մշակոյթ