ԵԽԽՎ-ն աննշան փոփոխութիւններով ընդունել է Հայաստանի վերաբերեալ բանաձեւը


ԵԽԽՎ-ն աննշան փոփոխութիւններով ընդունել է Հայաստանի վերաբերեալ բանաձեւը

  • 06-10-2011 10:56:04   |   |  Քաղաքական
ԵԽԽՎ հոկտեմբերի 5-ի նիստում աննշան փոփոխութիւններով ընդունուել է Հայաստանում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունէութեան մասին» բանաձեւը: Ինչպէս հաղորդում է Մեդիամաքս-ի յատուկ թղթակիցը Ստրասբուրգից, բանաձեւին կողմ են քուէարկել 40 պատգամաւորներ, դէմ` 3-ը: Այն փոփոխութիւնը, որով առաջարկւում էր զեկոյցի տեքստից հանել այն հատուածը, որում ասւում է, թէ «2008 թուականի մարտի դէպքերի էջը կարելի է վերջնականապէս փակուած համարուել», մերժուել է: Իր ելոյթում համազեկուցող Ջոն Պրեսկոթն ասել է, որ «Շատ բան է արուել, բայց դա բաւարար չէ»: Նա նշել է Հայաստանում վերջին շրջանում գրանցուած դրական փոփոխութիւնները: Միաժամանակ նա անհանգստութիւն է յայտնել, որ 2008 թուականի մարտի դէպքերի հետեւանքով 10 մարդու մահուան հանգամանքների անկախ հետաքննութիւն չի անցկացուել` նշելով, որ այդ ուղղութեամբ աշխատանքներն աւարտուած չեն: «ՀՀ նախագահը յաւելեալ հետաքննութիւն է նախաձեռնել եւ խոստացել է տարեվերջին զեկոյց ներկայացնել», - ասել է Ջոն Պրեսկոթը` ընդգծելով, որ Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը շարունակուելու է: ԵԽԽՎ-ում հայաստանեան պատուիրակութեան ղեկավար Դաւիթ Յարութիւնեանն իր ելոյթում նշել է, որ չնայած ինքը համաձայն չէ բանաձեւի բոլոր կէտերին, այնուամենայնիւ, կարծում է, որ համազեկուցոզները պատշաճ կերպով են ուսումնասիրել Հայաստանի իրավիճակը: Նշելով, որ վերջին երկու տարիներին իշխանութիւնները լայնածաւալ բարեփոխումներ են իրականացրել, Դաւիթ Յարութիւնեանն ընդգծել է, որ «Կան ոլորտներ, որոնք յաւելեալ ջանքեր են պահանջում, եւ Հայաստանը ուշադրութեամբ կ'ընդունի վեհաժողովի առաջարկները»: Հայաստանեան պատուիրակութեան մէկ այլ անդամ Արմէն Ռուստամեանը յոյս է յայտնել, որ հետաքննութիւնը թոյլ կը տայ փակել «Մարտի 1-ի տխուր էջը»: Անդրադառնալով բարեփոխուած Ընտրական օրէնսգրքին` նա նշել է, որ կոալիցիան հրաժարուել է ընդունել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցութիւնների կողմից ներկայացուած առաջարկութիւնները` չնայած, որ Վենետիկի յանձնաժողովի փորձագէտներն դրանք դրական էին գնահատել: Արմէն Ռուստամեանը նաեւ նշել է, որ 2012 եւ 2013 թթ. «ընտրութիւնները շատ կարեւոր կը լինեն Հայաստանում ժողովրդավարութեան ապագայի համարէ:
  -   Քաղաքական