«Հաէկ-ում ստուգումների ընթացքում մենք չենք տեսել որեւէ արտակարգ բան»,- ասում է OSART առաքելութեան ղեկավարը
02-06-2011 21:41:12 | Հայաստան | Տնտեսութիւն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) ղեկավարութեամբ միջուկային տեղակայանքների անվտանգութեան գծով փորձագէտների միջազգային խումբը՝ OSART առաքելութիւնը, մայիսի 16-ից յունիսի 2-ը ստուգում է իրականացրել Մեծամորի հայկական ատոմակայանում՝ գնահատելու անվտանգութեան ապահովմանն ուղղուած գործունէութիւնը։ Ինչպէս ստուգման աւարտին՝ յունիսի 2-ի ասուլիսում նշեց յանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոշը, Հայաստանի կառավարութեանը ներկայացուել է 16 յանձնարարական։ Ըստ նրա, հաշուետուութիւնն ինքնին դեռեւս պատրաստ չէ, այն 3 ամիս յետոյ կը ներկայացուի Հայաստանի կառավարութեան քննարկմանը։ «Մենք չենք տեսել որեւէ արտակարգ բան, դիտողութիւններն աննախադէպ չեն, նման կարգի հարցեր բարձրացուել են նաեւ աշխարհի այլ ատոմակայաններում»,- ասաց նա։
Յանձնախումբը դրական է համարում այն, որ վերջին տարիներին անվտանգութեանմի քանի կարեւոր համակարգեր կատարելագործուել են կայանի անձնակազմի ուժերով։ Դրական է համարուել նաեւ այն, որ կայանում ներդրուել է ուսուցման վարժասարք, որում օգտագործուել են կանգառի վիճակում գտնուող առաջին բլոկի մեքենասրահի հսկիչ-չափիչ վահանակները եւ սարքաւորումները։ Փորձագէտները գտնում են նաեւ, որ կայանն ունի առանձնայատուկ ամբողջական համակարգ եւ համապատասխան ընթացակարգ, որը նախատեսուած է վթարային իրավիճակներում ռէակտորի հովացման համար։ Շահագործող անձնակազմն անցնում է պարբերական ուսուցում տուեալ համակարգի կիրառման համար, որն ամրապնդում է վթարի դէպքում այն գործի դնելու ունակութիւնը։
Յանձնախումբը միաժամանակ առաջարկում է բարելաւել վտանգները կանխելուն կամ դրանց մասին նախազգուշացնելուն եւ անհատական պաշտպանութեան միջոցների կիրառման ընթացակարգը։ Առաջարկւում է նաեւ կատարելագործել շրջայցերի իրականացման կարգը՝ սարքաւորումների թերութիւնների յայտնաբերումը աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով։ Ըստ փորձագէտների, պէտք է բարելաւուի նաեւ կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը՝ ընթացակարգի ճշգրիտ կատարման եւ պատշաճ գործիքների օգտագործման միջոցով։
Հաէկ-ի տնօրէն Գագիկ Մարկոսեանը նշեց, որ առաջին անգամն է Հաէկ-ն ընդունում նման առաքելութիւն, որում ընդգրկուած են 9 երկրների «մեծ փորձ ունեցող մասնագէտներ»։ Տնօրէնը տեղեկացրեց նաեւ, որ հայկական կողմը պարտաւորութիւն է ստանձնել մօտ 18 ամիս նորից ընդունել առաքելութեան անդամներին, որոնք Հայաստանում կը լինեն՝ ստուգելու իրենց դիտողութիւնների իրականացման ընթացքը։