Վաշինգտոնը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն


Վաշինգտոնը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն

  • 20-04-2024 10:28:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք, X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
 
Բլինքենը սա կարևոր քայլ է համարել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար։
 
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
 
Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:
 
Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը երեկ արձագանքել էր նաև ԵՄ-ն։ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը, մասնավորապես, նշել էր․ - «Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ»։
 
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել էր, որ Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին։
 
Երևանն ու Բաքուն երեկ նաև հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play