Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում. Ալեն Սիմոնյան


Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում. Ալեն Սիմոնյան

  • 24-04-2024 13:26:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Սիրելի՛ ժողովուրդ,
 
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
 
109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ:
 
Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը:
 
Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում:
 
Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության եւ պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ:
 
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրեւ ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել  սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ եւ ստեղծարար աշխատանքով:
 
Ցավը եւ վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության եւ սեփական ճակատագրի առջեւ պատասխանատվության:
 
Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play