ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը. Պատել


ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը. Պատել

  • 25-04-2024 10:10:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
 
Նրա խոսքով՝ դա կարևոր քայլ է երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
 
«Մենք ողջունում ենք լուրը, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա -Աթայի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք», - ասել է Պատելը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 20-ի հայտարարությունը:
 
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
 
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
 
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ում ողջունել էր 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։
 
Բլինքենը սա կարևոր քայլ էր համարել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար։
 
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play