Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին


Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին

  • 26-04-2024 15:34:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց չունի իր օրակարգում, ռուսական գազը և իրանական գազը Հայաստանի տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են: 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում:   
 
«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,-ասաց Թունյանը:
 
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է, որտեղ ամենաշահավետն է:
 
Անդրադառնալով հնարավոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Թունյանը պատասխանեց. «էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»:
 
Հայաստանը միշտ մտածել է էներգետիկ անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին: Պատգամավորը, որպես դրա վկայություն, հիշեցրեց, որ ժամանակին կառուցվել է նաև Իրան-Հայաստան գազամուղը:
 
Թունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները: Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց. «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»:
 
Այսպիսով, պատգամավորը վստահեցնում է, որ Ադրբեջանից գազ գնելու հարց Հայաստանն իր օրակարգում չունի: «Նման բան պայմանավորվելու համար մենք նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք, այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտություն լինի»,–ասաց նա:
 
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից:
 
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ շատ դրական է վերաբերվում դրան, կարծում է, որ Հայաստանը պետք է քննարկի այդ հարցը, բայց նման քննարկումներ չկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play