Ձախորդ Թուրքիան...


Ձախորդ Թուրքիան...

  • 13-10-2011 15:18:47   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 13 հոկտեմբերի Ձախողում 1 Էրդողանի կողմից այս ու այն երկրի (ընդորում հարեւան) ղեկավարից մեղայականի գալու եւ ներողութիւն խնդրելու պահանջմունքի շարքն ընդհատւեց դեռեւս Ուրուգւայի արտգործնախարար Լուիզ Ալմագրոյի հայանպաստ յայտարարութիւններից յետոյ, որոնք, իր իսկ բնութագրմամբ, սկզբունքային եւ ոչ թէ շահադիտական հիմքի վրայ էին խարսխւած, մանաւանդ՝ արցախեան պատկանելութեան յստակատեսութեամբ: Սկզբում այնպիսի տպաւորութիւն էր, թէ թուրք վարչապետը վրիպեց, բայց հետագային, յատկապէս՝ Սարկոզիի հայաստանեան նպաստալից, իսկ Թուրքիայի համար աննպաստ այցից յետոյ, պարզւեց, որ Էրդողանը ի վերջոյ հասկացել է աշխարհից ներողութիւն պահանջելու մեղմ ասած՝ զաւեշտի վերածւած կուրսի անհեռանկարայնութիւնը.... Ձախողում 2 Վերոնշեալի նման ու դեռ աւելին՝ բոցաշնչօրէն փչւած, իսկ արդէն պայթածցնդած փուչիկի է վերածւել դաւութօղլուական «Հարեւանների հետ զրօ խնդիր» աճպարարութիւնը: Վերջին ժամանակաշրջանի տարատեսակ քաղաքական-տնտեսական թէ աշխարհագրա-ռազմական հաշւեկշիռների փոփոխութիւնները եւ դրանցից բխող թուրք-սիրիական, թուրք-կիպրական, թուրք-իրաքաքուրդական եւ ինչու ոչ՝ թուրք-իրանական «փոխյարաբերութիւններում» առաջացած լարւածութիւններն ու մինչեւիսկ պայթունավտանգ իրավիճակը ինքնին ապացոյցներ են թուրքական այդ «զրօ խնդիր»-ի անհեթեթութեան: Ձախողում 3 «Հարեւանների հետ զրօ խնդիր»-ի թուրքական անհեթեթութիւնը կայանում է առաւելաբար նրանում, երբ իր բռնագրաւեալ հողերում (Արեւմտահայաստան) երկար տարիներից ի վեր կայանւած է մնում ՆԱՏՕ-ական «Ինջիրլիք» մշտապէս յարձակողական սպառնալիք հանդիսացող զինակայանը: Թուրքական խաղի ձախորդութիւնը աւելիով ակնբախ դարձաւ, սակայն, վերջերս, երբ «Ինջիրլիք»-ներին ուղեկցւեցին կրկին ՆԱՏՕ-ական «հրթիռային պաշտպանութեան վահանի» այլեւս ոչ միայն անմիջական հարեւանների, այլեւ՝ Ռուսաստանի համար երիցս սպառնալի արդիական զինահամակարգը: Իսկ ի տես այդ իրողութեան՝ թուրքական լարախաղացութիւնը դիմազերծւեց հէնց վերջերս Թեհրանում կայացած «Իսլամական զարթօնք»-ի համաժողովի ընթացքում, երբ նոյնինքն Իրանի առաջնորդ Խամենէին խստօրէն դատապարտելով ՆԱՏՕ-ի տարածաշրջանային նկրտումները՝ փնովեց վերջնիս պլանաւորմամբ՝ «այստեղ-այնտեղ յենակայաններ տեղակայելու» մտադրութիւնները: Ձախողում 4 Թուրքական ձախորդութեան գագաթնակէտը պէտք է համարել այսպէս ասած՝ Արաբական ու Իսլամական աշխարհի առաջնորդութեան յաւակնութեան տապալումը: Եթէ իր հակաիսրայէլական իմիտացիաները սկզբում «արդարացնում» էին նման յաւակնութիւնը, ապա «արաբական գարունի» գործընթացներում նրա երկդիմի եւ խորքում հէնց իսրայէլական շահերին միտող կողմնորոշումները յօդս ցնդեցրին ինչպէս «զրօ խնդիր՝ հարեւանների հետ», այնպէս էլ Միջին Արեւելքում ու Արաբական-իսլամական աշխարհում առաջնորդողի դերակատարութեան «նէոօսմանական» խաբկանքները:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play