Վայոց ձորի մարզում բացվել են նախակրթարաններ և քոլեջ


Վայոց ձորի մարզում բացվել են նախակրթարաններ և քոլեջ

  • 14-10-2011 20:51:01   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Վայոց Ձորի մարզ: Ելփին եւ Չիվա գյուղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Դրանք նորոգվել են, կահավորվել՝ անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Նախկինում երբեւէ մանկապարտեզներ չունեցած Ելփին եւ Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում: Նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով եւ շեշտել, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա: Նախարարը շրջել է նաեւ դպրոցներում, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, կրթական ծրագրերին, դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավմանը եւ կրթական ոլորտին առնչվող այլ հարցերի: Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները: Նույն օրը Եղեգնաձորում Ա.Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Շնորհավորելով ուսանողներին եւ մարզի բնակիչներին՝ նախարարն ընդգծել է. «Վայոց ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատություն, որտեղ հնարավոր է ստանալ ժամանակակից եւ որակյալ կրթություն, որի շնորհիվ այսօրվա ուսանողը կկարողանա աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթության ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդության զբաղվածությունն ապահովելու իրատեսական եւ առաջնային ճանապարհ»: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ համագործակցության եւ միջին մասնագիտական կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Քոլեջի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Դեսպանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են արդյունավետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play