Ադրբեջանի «Էլեկտրոնային կառավարությունը» դեռեւս անհաջող է գործում


Ադրբեջանի «Էլեկտրոնային կառավարությունը» դեռեւս անհաջող է գործում

  • 19-10-2011 15:23:23   | Ադրբեջան  |  Վերլուծություն

2005թ. Ադրբեջանը գործարկեց բոլոր պետական կառույցներն առցանց ձեւաչափով ներկայացնելու փառասիրական ծրագիրը, սակայն 6 տարի անց իշխանությունները դեռեւս շատ վատ են արձագանքում առցանց հարցումներին: «Էլեկտրոնային կառավարության» ձեւավորման ռազմավարության նպատակը պետք է լիներ յուրաքանչյուրին հասանելի դարձնել պետական կառույցների, հանրային եւ կոմունալ ծառայությունների, կրթության եւ այլ ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն ներկայում ընդամենը 4 առցանց ծառայություններ են գործում`հարկային եկամուտների, բուհեր ընդունվելու համար անհրաժեշտ ձեւաթղթերի, կոմունալ վճարումների եւ պետական կառույցների աշխատանքի դեմ բողոքներ ներկայացնելու համակարգերը: Ներքին գործերի նախարարության կայքը հնարավորություն է տալիս լրացնել առցանց ձեւաթուղթ, որը փոխանցվում է նախարարին եւ երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Սակայն դեռեւս ապրիլին այս առցանց համակարգով նախարարությանը ուղղված IWPR-ի հաղորդագրությանը դեռ չեն պատասխանել, իսկ նախարարության մամլո խոսնակ Օրխան Մանուրզադեն այդպես էլ չկարողացավ պարզաբանել այս փաստը: Ադրբեջանի մաքսային ծառայության կայքում անգամ կարելի է կապվել ծառայության ղեկավար Այդին Ալիեւի հետ: Սակայն համապատասխան հղումը սեղմելիս, պարզվում է, որ այն «վստահելի չէ»: IWPR-ի աշխատակիցները բազմիցս զանգահարել են նախարարություն`պարզելու համար, թե ինչու կայքը չի գործում, սակայն միակ ստացած պատասխանը այն էր, որ մամլո ծառայության բոլոր աշխատակիցները հանդիպման էին մասնակցում եւ չէին կարող պատասխանել հարցերին: «Ես նամակ գրեցի, սակայն պատասխան չստացա: Անգամ չգիտեմ`հասե՞լ է նամակս հասցեատիրոջը, թե`ո՞չ: Սակայն կայքը հաստատեց, որ հասցեատերը ստացել է նամակը: Քանի որ նամակն էլեկտրոնային է, չեմ կարող ասել, որ պարզապես հրաժարվել են պատասխանել, հնարավոր է`այն պարզապես չի հասել հասցեատիրոջը: Ես զանգահարեցի կայքում գրանցված հեռախոսահամարներով, որպեսզի պարզեմ նամակիս ճակատագիրը: Դժբախտաբար, ոչ ոք չպատասխանեց նշված համարներից որեւէ մեկով», - դժգոհում է Սեյմուր Թեյմուրովը`պատմելով, թե ինչպես է մուտք գործել նախագահ Իլհամ Ալիեւի կայք`որոշելով բողոք ներկայացնել մի շինարարական ընկերության դեմ: IWPR-ը փորձեց պարզել, թե ինչ էր պատահել Թեյմուրովի նամակի հետ, սակայն այս անգամ էլ անհաջողության մատնվեց, քանի որ ողջ օրվա ընթացքում ոչ ոք չպատասխանեց նախագահի կայքում տեղ գտած հեռախոսահամարներով: Հոկտեմբերի 7-ին IWPR-ը նամակ հղեց կայքում գրանցված էլեկտրոնային հասցեով, սակայն նամակն անարձագանք է մնացել: Հետազոտող լրագրող Շահլա Աբուսատտարը վաղուց է հույսը կորցրել, թե երբեւէ կառավարական կայքերում օգտակար տեղեկատվություն կհայտնաբերի, սակայն մեկ բացառություն պետք է անել. խոսքը Պետական վիճակագրական հանձնաժողովի կայքի մասին է: «Մեր պետական կառույցների համար անսովոր է համացանցի հետ աշխատելը: Էլեկտրոնային դիմումին պատասխանելու հասկացությունը պարզապես գոյություն չունի: Կայքն իրենից պարզապես նկարազարդ ամսագիր է ներկայացնում», - նշում է լրագրողը: «Պետք է հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Բյուջեից բավականաչափ գումար է հատկացվում այս ամենին հասնելու համար», - հավելում է նա: Այս տարվա ապրիլին IWPR-ը էլեկտրոնային նամակներ է ուղարկել ադրբեջանական 26 նախարարություններ եւ այլ պետական կառույցներ`խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե որքան գումար է հատկացվել իրենց «առցանց» գոյությունն ապահովելու համար, եւ մինչ օրս միայն 5 կառույցներ են արձագանքել հարցմանը: Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովն ամենից արագ պատասխանեց`ընդամենը մեկ օրում հաշվարկելով շուրջ 9 տարի գործող իր կայքի վրա ծախսվող ընդհանուր գումարը: Իրենց կայքերի աշխատակիցների եւ ծախսերի մասին տեղեկատվություն տրամադրեցին նաեւ Պետական նավթային հիմնադրամը, բնապահպանության եւ արտաքին գործերի նախարարությունները: Մյուս կառույցները, այդ թվում`կրթության, արդարադատության, երիտասարդության եւ սպորտի, տրանսպորտի, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաեւ կառավարության քարտուղարությունը եւ Բաքվի քաղաքապետարանն այդպես էլ որեւէ կերպ չեն արձագանքել 6 ամսվա ընթացքում: Իլգար Միրզան`երիտասարդ բլոգերներին միավորող «Բլոգոսֆերա» նախագծի համահեղինակներից մեկը, նշում է, որ IWPR-ի`«էլեկտրոնային կառավարության» վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու փորձերն ապացուցում են, որ պետական կառույցներն իրականում չեն տրամադրում խոստացված տեղեկատվությունը: Միրզայի խոսքերով`այսօր անհնար է ադրբեջանական տիրույթում կայք գրանցել: «Սա իսկական խայտառակություն է: Կարող եմ Լիխտենշտեյնի, Բրիտանիայի, անգամ`Զիմբաբվեի տիրույթային անվանումներ գնել: Սակայն Ադրբեջանում անհնար է տիրույթի համար վճարել կամ փոխել նրա առցանց կազմաձեւը: Այս ամենով զբաղվող ընդամենը մեկ գրասենյակ գոյություն ունի, որը պետք է այցելել աշխատանքային ժամերին: Միայն տիրույթի գնման հետ կապված խնդիրը ճակատագրի հեգնանքով պատկերում է Ադրբեջանում համացանցի ընդհանուր վիճակը», - ասում է նա: Մուլտիմեդիա տեղեկատվական համակարգերի եւ տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնը պարբերաբար հրապարակում է պետական կայքերում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Վերջին`2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված վարկանշային ցուցակն ամփոփում է պետական կառույցների թափանցիկության մակարդակը`համեմատելով այն 2005-ին մշակված «էլեկտրոնային կառավարության» ռազմավարության վերահսկողության խնդիրների ցուցակի հետ. այսպես, օրինակ, արդյո՞ք նրանք տեղեկատվություն են տրամադրում տվյալ կազմակերպության պատմության, գործառույթների, բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ կամ արդյո՞ք ապահովում են կոնտակտային տվյալներ, այդ թվում`ցանկացած առցանց ձեւաչափով: Ադրբեջանի հարկային նախարարության թափանցիկության գործակիցն ամենից բարձրն էր`68%, սակայն պետական կառույցների կեսից ավելին 50%-ից պակաս ցուցանիշ են գրանցել: Թափանցիկության ամենացածր ցուցանիշը գրանցել է Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, որի կայքը չի գործում, եւ Պաշտպանության նախարարությունը, որն ընդհանրապես կայք չունի: Մուլտիմեդիա տեղեկատվական համակարգերի եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Օսման Գունդուզի խոսքերով`այս հետազոտության արդյունքներն արտացոլում են պետական կառույցների`համացանցին հարմարվելու անկարողությունը: «Օրենքով սահմանված մի շարք պայմաններ կան, որոնց պետք է համապատասխանեն պետական կառույցների կայքերը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 57 պետական կառույցների կայքերը նույնիսկ կիսով չափ չեն համապատասխանում այս պայմաններին», - ասում է նա: Դուրնա Սաֆարլի, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության «Ազադլիք» ռադիոյի թղթակից Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից. (www.iwpr.net) Հղումը՝ http://iwpr.net/report-news/e-government-slow-take-azerbaijan կայքին:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play