Ազգային գաղափարախոսությունը՝ լինելության ծրագիր


Ազգային գաղափարախոսությունը՝ լինելության ծրագիր

  • 20-10-2011 13:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբում հոկտեմբերի 19-ին «Մենք» խորագրով հայագիտական սեմինարների շարքի հերթական հանդիպման հյուրն էր բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր Արթուր Արմինը: Հանդիպման ընթացքում ակումբի հյուրը խոսեց հայոց ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ: Դիմելով երիտասարդներին՝ Արթուր Արմինը նշեց, որ բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ այսօր աշխարհը հասել է այն աստիճանին, որ ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, գրավելու համար ինքնաթիռ, տանկ, զորք հարկավոր չեն. դրանք հին զենքեր են։«Գաղափարախոսությամբ հասարակության ներսում կարողանում են շրջանառության մեջ դնել թեմաներ, որոնք ներսից քանդում են տվյալ երկիրը։ Բազմաթիվ տեսություններ կան, որոնք հիմնականում կարելի է անվանել մտքի վարժանք կամ քաղաքական նպատակայնություն։ Պետք չէ թույլ տալ, որպեսզի ձեզ ներքաշեն նման սին երկխոսության մեջ։ Ահռելի մեգակառույցներն իրենց բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներով ստեղծում են տեսություններ (նաեւ կրոնական)՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Եվ շատ հեշտ է հատկապես երիտասարդությանը ներքաշել այդ ամենի մեջ։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ դա իր լինելության, գոյության խնդիրն է»- նշեց բանախոսը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Արթուր Արմինն անդրադարձավ նաեւ նժդեհյան գաղափարախոսությանը։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում հրապարակներում եւ համացանցում Նժդեհին ֆաշիստ անվանեցին, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա։ Ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմ չէ, որովհետեւ այն մեկ ազգի գերակայությունը չէ մյուսների նկատմամբ։ Ազգային գաղափարախոսությունը ոչ թե մեկ ազգի ֆետիշացումն է, այլ սեփական տեսակի ինքնաճանաչողությունը եւ սեփական տեսակի գոյության, լինելության ծրագիրը։ Նժդեհի մոտ չեք կարող գտնել որեւիցե տող, որ խոսում է աշխարհի մյուս ազգերի նկատմամբ հայ ազգի գերակայության մասին։ Հայ ազգն իհարկե ունի գերակայություն մյուսների նկատմամբ որոշակի հատկություններով, որոնցով իրեն օժտել է բնությունը»- նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ մեզ խիստ անհրաժեշտ է ազգային գաղափարաբանություն։ Այն պետք է լինի զարգացող, պարբերաբար լրացվի, ուսուցանվի դպրոցներում եւ համալսարաններում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play